Րաֆֆի Հովհաննիսյանը պայքարելու է մինչև վերջ, սակայն «Ժառանգությունը» դեմ է սրացումներին
Operativ.am-ի թղթակիցը զրուցեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հետ.
-Մենք ՀՅԴ-ի հետ միասին առաջարկել ենք, որ ընտրական գործընթացները քննարկենք արտահերթ նիստի ժամանակ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նույնպես կողմ էր արտահերթ նիստի գաղափարին, մեզ պատասխանեցին, որ արտահերթ նիստի գաղափարը կքննարկեն գործադիր մարմնում, և առաջիկայում մենք պատասխան կունենանք:
ԱԺ-ն պարտավոր է անմասն չմնալ այս պրոցեսներից, քննարկումը հնարավորություն կտա, որ բոլորը հասկանան, թե ինչ է կատարվել իրականում:
Հակոբյանի խոսքով՝անկախ այն հանգամանքից, որ ԿԸՀ-ն մերժեց Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը, ամեն դեպքում իրենք շարունակելու են պայքարը՝ իհարկե Սահմանադրության շրջանակներում:
Այն հարցին, թե մտավախություն չկա՞, որ կրկնվի մարտի մեկի դեպքերը, պատգամավորը նշեց.
-Շատ անցանկալի կլինի, եթե կրկնվի մարտի մեկի դեպքերը, իսկապես խոհեմություն է անհրաժեշտ այս հարցում, այն ինչ կատարվեց ընտրությունների ընթացքում, կարծում եմ՝ պետք է հասկանալ, որ լուրջ իրավիճակ է ստեղծվել. հարկավոր է ճիշտ մոտեցում ցուցաբերել, մենք կողմ չենք սրացումներին:
Քաղաքագետների այն դիտարկմանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանի հետևորդների մեծամասնությունն այն մարդիկ են, ովքեր պարզապես դեմ են քվեարկել գործող իշխանություններին, Հակոբյանը նշեց.
-Դա լուրջ փաստարկ չէ. փաստն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ինքն առաջնորդեց ընդդիմադիր ուժերը և մեր վերլուծություններով՝ ձայների մեծամասնությունն ընտրություններում ստացել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Գաղտնիք չէ, որ ընտրողների որոշ մասը պարզապես դեմ է արտահայտվել գործող իշխանություններին, բայց մասնակցելով քարոզարշավին տարբեր մարզերում տեսել եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները բավականին լուրջ տոկոս են կազմում:
Իսկ շրջանառվող այն լուրին, թե Րաֆֆի Հովհաննիսյանը որոշակի պաշտոն է ստանալու, Հակոբյանը պատասխանեց.
-Մեզ մոտ պաշտոնի քննարկում ընդհանրապես չի եղել, դրանք ընդամենը խոսակցություններ են, որոնք չեն համապատասխանում իրականությանը: