«Վեցյակը» որոշել է Իրանի սառեցված հաշիվներից 2.8 մլրդ դոլար ապասառեցնել
Իրանն ու միջնորդ «վեցյակի» երկրները պայմանավորվել են 4 ամսով երկարաձգել Թեհրանի վիճահարույց միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, քանի որ կողմերին չի հաջողվել վերջնական համաձայնության գալ մինչև հուլիսի 20-ի վերջնաժամկետը։
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ընդգծել է, որ գալիք 4 ամսվա ընթացքում իրանական նավթի վաճառքից ստացված եկամտի մեծ մասը, որն Արևմուտքի պատժամիջոցների պատճառով սառեցված է, կշարունակի անհասանելի մնալ Իրանի համար։
«Վեցյակը» որոշել է Իրանի սառեցված հաշիվներից 2.8 մլրդ դոլար ապասառեցնել, ինչի դիմաց էլ Թեհրանը իր հերթին պետք է չեզոքացնի մինչև 20% հարստացված ուրանի պաշարները։
Մինչ այդ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մուհամմադ Ջավադ Զարիֆը տեղեկացրել է, որ Թեհրանը համաձայնել է ուրանի հարստացումը սահմանափակող համաձայնագիրը երկարացնել մի քանի տարով։