Որքանո՞վ է իրատեսական հայ-իրանական գազամուղի կառուցումը. պարզաբանում է իրանագետը
Վերջերս շատ է շրջանառվում այն գաղափարը, որ Իրանը ցանկանում է Եվրոպա գազ արտահանել Հայաստանի միջոցով: Հայկական կողմն Իրանի այս մտադրությունները ոգևորությամբ է ընդունում, քանի որ Հայաստանի տարածքը կարող է օգտագործվել հայ-իրանական գազամուղի կառուցման համար: Այս դեպում Հայաստանը կարող է վերածվել դեպի ԵՄ գազի խոշոր տարանցման երկրի:Այս գաղափարն, իհարկե, հրապուրիչ է, մինչդեռ իրանագետ Մհեր Բաղդասարյանը խորհուրդ է տալիս դեռևս շատ հույսեր չկապել դրա հետ:
«Սա դեռևս զուտ հայտարարություն է, չկա փաստացի ոչ մի առաջարկ և նախաձեռնություն, ուստի այս գործընթացի իրատեսական բնույթի մասին դեռ ոչինչ ասել չեմ կարող»,-խոսելով խնդրից` լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց բանախոսը:
Ըստ իրանագետի` Հայաստանը կարող է տարածաշրջանային մի շարք անկանխատեսելի խնդիրների առաջ կանգնել: Այս գաղափարը կարող է խնդրահարույց լինել նաև այն պատճառով, որ Հայաստանն արդեն իսկ ունի Ռուսաստանի հետ կնքած պայմանագիր, ուստի Իրանը պետք է նաև համաձայնության գա Ռուսաստանի հետ:
Բանախոսի կարծիքով` գազամուղի կառուցման համար մենք ունենք ևս մեկ կարևոր խնդիր` սահմանների լուծման հարցը, քանի որ մինչ ազատ տնտեսական հարաբերություններ սկսելը մենք պետք է հստակեցնենք մեր երկրի սահմանները:
Վարդուհի Ստեփանյան