Ադրբեջանը դիմել է «Կարմիր խաչին»
Ադրբեջանի իշխանությունները դիմել են «Կարմիր խաչի» միջազգային կոմիտե (ԿԽՄԿ)՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանի նկատմամբ դիվերսիոն ոտնձգություն կատարելու ժամանակ գերեվարված ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամ Շահբազ Ջալալ օղլու Գուլիևի կապակցությամբ:
Մասնավորապես ադրբեջանական ԱՊԱ կայքը գրել է. «Ադրբեջանում ԿԽՄԿ-ի ներկայացուցչության՝ հասարակական կապերի բաժնի ղեկավար Իլահ Հուսեյնովը հայտնել է, որ խնդրում են, եթե տեղեկատվությունը հաստատվի ԿԽՄԿ-ն օգտագործելով իր մանդատը, իրականացնի համապատասխան ընթացակարգերը»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ այս տարվա հուլիսի 10-ին՝ ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել էր հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել է, անդամների մի մասը ձերբակալված են, մյուսները դիմել են փախուստի: