«Կուզենայի, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն իր նպատակին ծառայեր». Աստղիկ Ավետիսյան
Operativ.am-ի թղթակիցը զրուցեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի պաշտոնում առաջադրված ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, բ.գ.թ., 2008 - 2011թթ ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի օգնական, գիտական չորս գրքի հեղինակ, «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի նախագահ, լրագրության և PR ասպարեզում ճանաչում և հեղինակություն վայելող Աստղիկ Ավետիսյանի հետ:
-Հայտարարությունը հրապարակվել էր թերթում, երբ կարդացի, միանգամից հասկացա, որ թե մասնագիտական, թե փորձի առումով խորհուրդը ինձ նման մասնագետի կարիք ունի: Ներկայացրել եմ փաստաթղթերի հարուստ փաթեթ, որը, մրցութային հանձնաժողովում մանրամասն քննարկելիս, վստահ եմ, հավանության կարժանանա: Անկեղծ ասած, հավանական թեկնածուների մասին բազմաթիվ անուններ էին շրջանառվում, բայց երբ ավարտվեց դիմումների ընդունման ժամկետը, պարզ դարձավ, որ երկու թեկնածու կա: Թափուր պաշտոնում նշանակվելու է երկու թեկնածուներից մեկը, որից հետո՝ խորհրդի 5 անդամները կընտրեն նախագահ,- նշում է Աստղիկ Ավետիսյանը:
-Հայտնիությու՞նն է պատճառը, որ ավելի շատ քննարկվում է Ռուբեն Ջաղինյանի անունը:
-Կարծում եմ հայտնիությունը հարաբերական է… նայած` որ ոլորտում: Ես, օրինակ, ավելի հայտնի եմ լրագրության, գիտական ասպարեզում, իսկ շոուի, ՈՒՀԱ-ի, ֆիլմերի նկարահանման ոլորտում Ռուբեն Ջաղինյանն է հայտնի: Օբյեկտիվ ԶԼՄ-ն պարտավոր է համակողմանի լուսաբանել երկու թեկնածուներին էլ, իսկ մրցութային հանձնաժողովը՝ հիմք ընդունի մասնագիտական որակները:
-Ինչքա՞ն է հավանականությունը, որ մրցույթն իսկապես արդար կլինի:
-Անվստահության հիմքեր չունեմ. նախ՝ համապատասխանում եմ օրենքով պահանջվող բոլոր կետերին, երկրորդ՝ մրցութային հանձնաժողովում ընդգրկված են այնպիսի մարդիկ, որոնք ծանոթ են իմ գործունեությանը և հետաքրքրված, որ Հայաստանը պատշաճ մակարդակի հանրային հեռուստառադիոընկերություն ունենա: Կուզենայի, որ հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը վերջապես իր նպատակին ծառայեր:
-Ձեր ընտրվելու դեպքում եթերը կմաքրվի՞:
Ամենագլխավոր խնդիրը հեռուստածրագրային քաղաքականության նկատմամբ ճիշտ մոտեցում դրսևորելն է. Հանրային հեռուստաընկերությունը պետք է մտածի ոչ թե շահույթի և գերշահույթի մասին, այլ դաստիարակչական գործառույթ իրականացնի, հայրենասեր սերունդ դաստիարակի:
-Իսկ սերիալները գոնե կպակասե՞ն:
Դրական հատկանիշ կա սերիալների մեջ. հայերը վերջապես հայկական ֆիլմերի արտադրությամբ զբաղվեցին, բայց չէի ուզենա, որ այս անորակությունը շատ տարածվեր: Անպայման պիտի հաշվի առնենք մեր հասարակության ընդհանրական շահը, չէ որ սա ՀԱՆՐԱՅԻՆ հեռուստատեսություն է, ՀԱՆՐԱՅԻՆ ռադիո:
Զրուցեց Սեդա Ղուկասյանը