Թուրքիայի ԱԳՆ-ն հերքել է հայ-թուրքական սահմանի բացման մասին լուրերը
Թուրքիայի ԱԳ գերատեսչությունը հերքել է Թուրքիայի և Հայաստանի սահմանի միջև գտնվող Ալիջան անցակետի բացման մասին տեղեկությունները: Գրում է Regnum.ru-ն:
Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ ԶԼՄ-ներում տեղ գտած Ալիջան անցակետի հնարավոր բացման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
Ընդգծելով, որ թուրք-հայկական սահմանը փակվել է 1993թ. Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների «օկուպացիայից» հետո, նա հայտարարել է, որ սահմանի բացման հարցը կարող է հայտնվել օրակարգում Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման դեպքում:
Նրա խոսքով` Հայաստանի կողմից իր բոլոր հարևանների հետ խնդիրները լուծելու ցանկության դրսևորումը և համապատասխան քայլերի ձեռնարկումն էական նշանակություն կունենան այդ խնդրի կարգավորման հարցում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Taraf» պարբերականը տեղեկություն էր տարածել այն մասին, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը կարող է բացվել ընթացիկ տարվա սեպտեմբերին: Պարբերականի փոխանցմամբ՝ վարչապետ Էրդողանի նման պլանների մասին խոսում են իշխանությունների կուլիսների ետևում: