Էրդողանը ցանկանում է բացել հայ-թուրքական սահմանը. Taraf
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է երկրորդ քայլը կատարել հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու համար: Այս մասին գրում է թուրքական ընդդիմադիր «Taraf» թերթը:
Առաջին քայլը` ցավակցական ուղերձ
Հայկական սփյուռքը Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ (2015 թ) հայերի վերապրած ողբերգությունը ողջ աշխարհին ներկայացնելու աշխատանքներ է սկսել։ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն էլ այդ արշավի ազդեցությունը նվազեցնելու նպատակով աշխատանքներ է իրականացնում։ Որպես առաջին քայլ Թուրքիայի վարչապետ Էրդողանը ցավակցել է Հայոց ցեղասպանություն ժամանակ զոհվածների թոռներին: Բացի այդ, այդ ցավակցական ուղերձը թարգմանված է եղել նաև հայերեն:
Երկրորդ քայլ` սահմանի բացում
Թուրքիայի կառավարությունը, երկրորդ փուլում պլանավորում է բացել 1993 թ Ղարաբաղի հակամարտության հետ կապված՝ փակված հայ-թուրքական սահմանը: Կան տեղեկություններ, որ Էրդողանը հրաման է տվել վերջացնել նախապատրաստական աշխատանքները Ալիջան անցակետի բացման համար, որոնք դեռ սկսել էին 2012թ.-ին: Չնայած նրան, որ դեռևս հստակ ժամանակահատված նշված չէ, թե երբ է բացվելու անցակետը, սակայն ըստ շրջանառվող խոսակցությունների` այն կբացվի այս տարվա սեպտեմբերից հետո:
Քլինթոնի ցանկությունը.
2009թ. Անկարա կատարած իր այցի ժամանակ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ցանկություն է հայտնել հայ-թուրքական սահմանը տեսնել՝ բաց: Նախատեսվում է, որ հայ-թուրքական սահմանը բացվելուց հետո, ոչ միայն կկարգավորվի հարաբերությունները Հայաստանի հետ, այլև ինչ-որ չափով ԱՄՆ-ի հետ: