Տեր-Պետրոսյանին ավելի շատ էին վստահում, քան Րաֆֆի Հովհաննիսյանին. Զոյա Թադևոսյան
Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում, «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ, ԱԺ նախկին պատգամավոր, ներկայիս՝ ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանը հրաժարվեց մեկնաբանել շրջանառվող այն տեղեկատվությունը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը կոալիցիա է մտնելու, ըստ նրա՝ քաղաքականությունը գուշակություն չի սիրում:
-Դժվար չէ 24 ժամ սպասելը, թող վաղը գա, ամեն ինչ պարզ կլինի,- նշեց նախկին պատգամավորը:
Այն հարցին, թե որքա՞ն է հավանականությունը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը բարձր պաշտոն ստանա, Թադևոսյանը պատասխանեց.
-Ես չեմ բացառում ոչիչն այս երկրում, չբացառածներիցս մի մասը տեղի է ունեցել, հնարավոր է, ինչու՞ ոչ:
Այն ընտրազանգվածը, որ հավաքել է Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկապե՞ս այն մարդիկ են, ովքեր առաջնորդ են տեսնում Րաֆֆի Հովհաննիսյանին:
-Ընտրողների մեծ մասը քվեարկել են՝ դեմ գործող իշխանությանը, իսկ թե Րաֆֆին կկարողանա՞ ընտրազանգվածին առաջնորդել, դժվարանում եմ պատասխանել:
Զոյա Թադևոսյանը համաձայնեց քաղաքական մեկնաբանների այն տեսակետի հետ, թե Րաֆֆի Հովհաննիսյանը չունի այն ընտրազանգվածը, որն ուներ Լևոն Տեր-Պետրոսյանը 2008 թվականին, նա նշեց, որ մեծ տեղ է գրավում նաև վստահության հարցը.
-Ինձ թվում է՝ Տեր-Պետրոսյանին ավելի շատ էին վստահում,- շեշտեց Զոյա Թադևոսյանը: