Կմտնի՝ կմեկնաբանեմ, չի մտնի՝ էլի կմեկնաբանեմ. Կարեն Քոչարյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին
Operativ.am-ի թղթակիցը նախագահական ընտրություններին հաջորդող ընթացքի մասին զրուցեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ.
Պրն. Քոչարյան, Ձեզ համար սպասելի՞ էր ընտրությունների նման ընթացքը:
-Նման արդյունք չէի սպասում, չէի սպասում, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այդքան ձայն կստանա, 25% սպասում էի, բայց ոչ՝ 37: Դա ապացուցում է, որ ժողովրդի մեջ կա երկու մեծ խնդիր, որն իշխանությունը պարտավոր է լուծել, դրանք են անարդարության և սոցիալական անարդարության խնդիրները:
Ինչո՞ւ էր Ձեզ համար զարմանալի Րաֆֆի Հովհաննսիսյանի ցուցանիշը, արդյոք նա իր ծրագրով և գաղափարական պայքարով չէ՞ր կարող այդքան ձայն ստանալ:
-Եթե ընդամենը 8 ամիս առաջ ինքը 5% էր ստանում, հիմա՝ 37%, դժվար թե 8 ամսվա մեջ կարողանար հնգապատկել կամ յոթապատկել իր արդյունքը, այստեղ խնդիրը այն է, որ ոչ՛ Գագիկ Ծառուկյանը, ոչ՛ Լևոն Տեր-Պետրոսյանը չմասնակցեցին ընտրություններին, իսկ մնացած թեկնածուների մեջ ժողովուրդը միշտ էլ փորձում է գտնել այդ պահին ամենամարտունակ ընդդիմադիր թեկնածուին, ընտրեց Րաֆֆիին:
Դու՞ք էլ եք շատերի նման այն կարծիքին, որ ժողովուրդը ընտրեց ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանին, այլ այդ պահին ընդդիմադիր թեկնածուին:
-Չէ, գիտեք ոնց է, այդ պահին ընդդիմությունը ինքն էր, բայց էլի ընդդիմության թեկնածուներ կային. կարող էին ընտրել Հայրիկյանին կամ Բագրատյանին, բայց ընտրեցին Րաֆֆիին, որովհետև ռեալ ուժը ինքն էր այդ պահին:
Վագզեն Մանուկյանի օրինակը բերենք 1996 թվականի նախագահական ընտրություններում, եթե ոչ հաղթած, ապա գոնե առնվազն հավասար հաղթած թեկնածու էր, ընդամենը 1,5 տարի հետո՝ 1998 թվականի փետրվարին, ինքը 3% հավաքեց, այսինքն՝ պահը բաց թողեց. ստացվում է՝ ամեն քաղաքական գործիչ ունի իր պահը:
Պարույր Հայրիկյանի հետ կապված միջադեպը որևէ ազդեցություն ունեցա՞վ ընտրությունների նման արդյունքի վրա:
Ոչ, որևէ կերպ չանդրադարձավ ընրությունների արդյունքի վրա. երևի թե ազդեցությունն այն էր, որ ժողովուրդն ու դիտորդները տեսան, որ նման դեպքեր էլ կարող են լինել, թեև մեզ մոտ այնպիսի բաներ ենք տեսել, որ սա ընդամենը խաղուպար էր:
Ինչպե՞ս կմեկնաբնեք այն լուրերը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է կոալիցիա մտնել:
-Ես նման բաները չեմ մեկնաբանում, կմտնի՝ կմեկնաբնեմ, չի մտնի՝ էլի կմեկնաբանեմ, բայց փաստերով կմեկնաբանեմ. ես եղունգ չեմ նայում:
Զրուցեց՝ Սեդա Ղուկասյանը