Դաշնակցականը կամ դաշնակցության համակիրը նախկին ՀՀՇ-ական վարչապետին չէր ընտրի. Վահան Հովհաննիսյան
Operativ.am-ի թղթակիցը նախագահական ընտրությունների ընթացքի և արդյունքների մասին զրուցեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանի հետ.
Պրն. Հովհաննիսյան, Ձեզ համար սպասելի՞ էր ընտրությունների նման արդյունքը:
-Ես որևէ արդյունք չէի սպասում, ոչ էլ ակնկալիք ունեի, որ համեմատեմ իմ սպասումների հետ: Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ մեր չմասնակցելը բացատրվում է նրանով, որ անցած ընտրություններից մինչև հիմա իշխանությունները չեն արել ոչինչ, որպեսզի ընտրությունների արդյունքը լինի արժանահավատ, դրա համար քննարկել տոկոսները ես հիմա չեմ կարող:
Ըստ Ձեզ՝ Ձեր համակիրներն ավելի շատ հակված էին ընտրել Րաֆֆի Հովհաննիսյանին, թե՞ Հրանտ Բագրատյանին:
- Մեր համակիրները և կուսակցության անդամները ստացան մեզնից հստակ առաջարկություն՝ գնալ ու քվեարկել ըստ իրենց խղճի, նույնիսկ նրանք, ովքեր իրենց հարմար թեկնածու չունեն՝ ավելի լավ է գնան ու իրենց քվեաթերթիկն անվավեր դարձնեն, ինչը և շատերն արել են: Բայց պարզ է, որ եթե դաշնակցականը կամ դաշնակցության համակիրը որոշեր քվեարկել կոնկրետ թեկնածու օգտին, բնականաբար նախկին ՀՀՇ-ական վարչապետին չէր քվեարկի:
Բայց մենք մեր քարոզչությամբ արել ենք ամեն ինչ, որպեսզի չխոչընդոտենք ոչ մի թեկնածուի՝ բացառությամբ, իհարկե, իշխանության թեկնածուի:
Հնարավո՞ր է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի դեպքում սատարեք իրեն:
-Եթե որևէ մի թեկնածու ունենա լուրջ հիմքեր բողոքարկելու համար, մենք ցանկացած թեկնածուի արդար բողոքի դեպքում կսատարենք վերջինիս:
Ստացվում է՝ կապ չունի՞ որ թեկնածուն կլինի, կարևորն այն է, որ արդար հիմքով լինի բողոքը:
-Այո, մեզ համար կարևորն այն է, որ բողոքն արդար լինի. մենք պետք է իմանանք, թե ինչ ենք սատարում, պետք է տեսնենք, թե որքանով է արժանահավատ բողոքը:
Շատերը խոսում են այն մասին, որ Րաֆֆի Հովհաննիսյանին ընտրել են այն մարդիկ, ովքեր գնահատել են իրենց կարծիքով՝ նախագահի թեկնածուի ժողովրդավարական կեցվածքը քարոզարշավի ընթացքում:
-Ժողովուրդը միշտ որոնում է մի որևէ թեկնածու, որին կարող է հակադրել իշխանությանը, նույնը կրկնվեց 2008 թվականին, երբ ժողովուրդը գնաց և բոլորի կողմից չսիրված Լևոն Տեր-Պետրոսյանին ավելի շատ ձայն տվեց, ինչու՞... որովհետև իշխանությունը արժանացել է ժողովրդի զայրույթին:
Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն ով էլ լիներ ընդդիմության թեկնածու կշահե՞ր:
-Ես չեմ կարող այդպես ասել. անհատի գործոնը բավական մեծ նշանակություն ունի:
Զրուցեց Սեդա Ղուկասյանը