Թումանյանի ուխտը միշտ արդիական է լինելու
Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,
Ու գընում ենք մեր ճամփով,
Մըրրիկներով պատած անհույս,
Սև խավարով, մութ ամպով։
Մենք անցել ենք արյան ծովեր,
Սուր ենք տեսել ու կըրակ,
Մեր ճակատը դեմ ենք արել
Մըրրիկներին հակառակ։
Ու թեպետև պատառ-պատառ
Մեր դըրոշը սըրբազան,
Ու մենք չունենք տեղ ու դադար՝
Երկրից երկիր ցիրուցան։
Բայց գընում ենք մենք անվեհեր
Զարկերի տակ չար բախտի,
Մեր աչքերը միշտ դեպի վեր՝
Դեպի լույսը մեր ուխտի։
1869թ. փետրվարի 19-ին Լոռու Դսեղ գյուղում հողմաշունչ բքի ձայնին միացավ մանկան առաջին ճիչը և այդ պահին ոչ ոք չմտածեց, որ հանճար է ծնվել՝ հայ ազգի համար: Լոռու անմեղ մթնոլորտում մեծացած պատանին տեղափոխվում է Թիֆլիս՝ կրթություն ստանալու համար: Շնորհաշատ պատանին կարճ ժամանակում հայտնի է դառնում հասարակության լայն շրջանակների համար: Հանճարեղ բանաստեղծի գրչին են պատկանում պոեմներ, բալլադներ, պատմվածքներ, հեքիաթներ, ակնարկներ, քննադատական հոդվածներ: Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են ֆիլմեր, «Անուշ» և «Ալմաստ» օպերաները ևս հիմնված են նրա ստեղծագործությունների վրա:
Բոլոր ժամանակներում Թումանյանի ստեղծագործություններն արդիական են, նրա խոսքը միշտ, նույնիսկ յուրաքանչյուր օր համապատասխանում է իրականությանը, իր մեջ ասելիք ու խորդուրդ ունի: Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններում մարմնավորված են հայ ժողովրդի հավաքական իմաստնությունն ու հանճարը, բանաստեղծի նպատակներն ու երազանքները: Նա բանաստեղծ էր, ով ապրելով Ցեղասպանության տարիներին երբևէ չի վհատվել, պայքարել է գրիչով ու գործով, հավատացել է իր ազգի լուսավոր ապագային ու իր հավատամքը վերածել գործի, որ ապրի հայ ազգը. նա հազարավոր մանուկների ճակատագիր է փրկել ու պայքարի ոգով գրել ու ապրել:
Հովհաննես Թումանյան, մարդ, ով ապրում է իր գործերով ապրում է յուրաքանչյուր հայի սրտում, մարդ ում հայտնի խոսքերը գործի անմահության վերաբերյալ, կարելի է վերագրել հենց իրեն. Գործն է անմահ, լավ իմացեք: Այո, հայ բանաստեղծն անմահ է իր գործերով, հայ բանաստեղծն անմահ է իր գործունեությամբ, անմահ է իր եսով ու իր ժողովրդով, իսկ լուսավոր ապագայի մասին բանաստեղծի սպասումները դեռ պիտի կատարվեն: