Ի՞նչ գին ուներ գիրքն առաջ և հիմա. այսօր գիրք նվիրելու օրն է
Հիշե՛ք՝ այն ինչ դուք ձեզնից ներկայացնում եք, որոշվում է նրանով, թե ինչ եք կարդում: Ջիմ Ռոն
Երբեմնի հին ու բարի սովորույթը կրկին վերադառնալու ճանապարհին է: Խորհրդային միության ժամանակ նվիրելու առարկաներն ու իրերը քիչ էին, յուրաքանչյուր առիթի համար էլ նվերն ընտրված էր՝ գիրք: Հին գրքերը թերթելիս, ոչ մի կազմ դատարկ չես տեսնում, այդտեղ գրառումներ են, նվիրողի և նվերը ստացողի անուններն ու առիթը: Ժամանակը թելադրում էր այնպես, որ գիրքը համարվում էր թանկարժեք նվեր, այժմ թանկարժեք նվերներ են համարվում նյութական արժեքները, իսկ գիրք նվիրելով որևէ առիթի ժամանակ, տգետների կողմից կարող ես ծաղրանքի արժանանալ, իսկ քանի որ տգետները մեծամասնություն են կազմում, ստիպված խելացի մարդիկ թաքցնում են սկզբունքները: Նույնիսկ ժամանակաշրջանի նվերները համեմատելով, կարելի է ենթադրել, թե ե՞րբ ինչն էր կարևորվում. երբ գիրք էին նվիրում այդ ժամանակ կարևորվում էր գիտելիքն ու գաղափարը, իսկ այժմ նյութական արժեքները հաճախ մարդկանց ճակատագիրն են ձևավորում՝ մարդիկ քայլում են դեպի այն կողմ, որտեղ նյութականն է:
ՀՀ կառավարության նախաձեռնությամբ և Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի որոշմամբ' տոնը վերականգնվել է դեռևս 2008-ից, և փետրվարի 19-ը գիրք նվիրելու օրն է, օրվա ընտրությունն էլ պայմանավորված է բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա հետ: Օրը որոշվեց, ընտրվեց, բայց երբևէ չեմ լսել կամ տեսնել, որ որոշում ընդունողները որևէ մի առիթով իրենց երեխային գիրք նվիրեն, ոչ թե մեքենա:
Նվիրե’ք իրար գրքեր, յուրաքանչյուր գիրք ինչ-որ բան հաստատ կտա ընթերցողին: Եվ պետք չէ մոռանալ, որ ինչպես լումաներից կազմվում է դրամը, այնպես էլ կարդացածից քիչ-քիչ կազմվում է գիտելիքը: