Սերգեյ Սմբատյանը ելույթ ունեցավ Մարիինյան թատրոնի համերգային դահլիճում
Մայիսի 22-ին Սանկտ Պետերբուրգում՝ Մարիինյան թատրոնի համերգային դահլիճում, արդեն 19-րդ անգամ մեկնարկեց «Երաժշտական Օլիմպոս» միջազգային փառատոնը: Առավել հատկանշական է, որ միջոցառման բացման պատասխանատվությունը վստահվել էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին: Ավանդույթի համաձայն՝ համերգային երեկոն մեկնարկեց Viva, Olympus! նախերգանքով՝ գրված կոմպոզիտոր Անդրեյ Պետրովի կողմից հատուկ փառատոնի համար: Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ որպես մենակատարներ հանդես եկան Մոնրեալի երաժշտական միջազգային մրցույթի դափնեկիր Մարկ Բուշկովը (Բելգիա), ով ներկայացրեց Յան Սիբելիուսի Ջութակի կոնցերտը, և հայազգի երգչուհի, «Վերդիի ձայներ» միջազգային մրցույթի դափնեկիր Հրաչուհի Բասսենցը:
«Ցանկացած երաժշտի համար ամենաթանկը համերգին հետևող արձագանքներն են: Մենք ստացանք ամենաջերմ արձագանքները ինչպես երաժշտասերների, այնպես էլ հենց նվագախմբի կողմից... Համերգի ողջ ընթացքը կարելի էր հետևել նաև առցանց, ինչը նույնպես պարտավորեցնող էի. ստացվում է, որ փաստացի հանդիսատեսները շատ ավելին են, քան համերգասրահում ներկա ունկնդիրները, մեզ կարող էին լսել անգամ աշխարհի մյուս ծայրում...», - կիսվեց դիրիժոր Սերգեյ Սմբատյանը համերգից հետո:
Եվ, իսկապես, արձագանքները դրական էին, ինչի վառ ապացույցն էր համերգի ավարտին լսարանի պահանջով ներկայացված բիսը՝ Ելենայի բոլերոն Ջուզեպպե Վերդիի «Սիցիլիայի երեկոյան ժամասացություններ» օպերայից:
Հիշեցնենք, որ 1996թ-ից ի վեր ամեն տարի անցկացվող այս միջոցառումը Սանկտ Պետերբուրգում է հյուրընկալում միջազգային խոշորագույն մրցույթների նորաթուխ դափնեկիրներին: Այս տարի «Երաժշտական Օլիմպոսը» իր հարկի տակ կընդունի 34 երաժիշտների աշխարհի 18 երկրներից՝ Եվրոպայից, Ասիայից, Հարավային Ամերիկայից և Աֆրիկայից:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի
Հասարակայնության հետ կապերի բաժին