Մահացել է բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանը
Լոս Անջելեսում 78 տարեկանում մահացել է հայտնի բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանը։
Ալիսիա Գուրգենի Կիրակոսյանը գրել է իսպաներեն, իտալերեն, հետո նաև' հայերեն և անգլերեն։Ավարտել է Բուենոս Այրեսի ազգային համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
Նրա պոեզիայի թեմատիկ առանցքն են կազմում սերը, մայրությունը, հայրենիքը և փիլսոփական խոհը։ Նա գերտարածական կոչվող բանաստեղծական շարժման (1969 ) հիմնադիրն է (տեսությունը հրապարակել է իսպաներեն, հայերեն և անգլերեն՝ 1992 -ին)։ Նրա պոեզիան բնորոշվում է ներաշխարհի պատկերներով, արդիական լեզվամտածողությամբ, բանաստեղծ, վերաիմաստավորումների ինքնատիպությամբ։
Հեղինակ է իսպաներեն՝ «Մեկ օր, հինգ ձայն» (1966), «Էություն և կետադրություն» (1967), «Պեդրո Ամոր» (1969), «Ժամանակի, սիրո, խաղաղության մեջ» (1970), «Երկուքի ոլորտ» (1972), «Հակաշխարհ» (1972), «Մոխիրներից հետո և նամակ առ Հայաստան» (1972), «Մայրության քերթվածներ» (1989), հայերեն՝ «Արմատ և Էություն» (1967), «Նամակ առ Հայաստան» (1979), «Խորան I» (1992), «Խորան II» (1992), «Անդենական զրույցներ» (1992 ), «Ամբողջական երկեր» (2005 , ներառված են «Հարցազրույց Աստծու հետ», «Սիրո մեկուկես հազարամյակ» գործերը), եռալեզու՝ «Բանաստեղծություն և գերտարածություն» (1994 ), «Խաղաղություն քվանտային» (2005), անգլերեն՝ «Սեր և մայրություն բառերից այն կողմ» (1992), «Մտորում բառից այն կողմ» (1992), «Արմատ բառից այն կողմ» (1992), «Բեմ՝ երկնքի համար» (1992) գրքերի։
Ալիսիա Կիրակոսյանի որոշ գրքեր նկարազարդել է Պաբլո Պիկասոն։
1993 թվականին Բրազիլիայի Սան-Պաբլո համալսարանում փիլիսոփայության գծով պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ գրականության բնագավառում։