Մեկն էպոս է երգում-պարում, երկրորդը՝ գյուղեգյուղ ընկած տնտեսագիտություն բացատրում, երրորդն ասում է՝ ես չեմ մասնակցելու, բայց ինձ ընտրեք
Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում, քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը մեկնաբանեց նախագահի թեկնածուների քարոզարշավների ուժեղ և թույլ կողմերը:
Փորձագետը նշեց, որ մասնագիտական տեսակետից քարոզարշավ մեկնաբանելը անիմաստ է, քանի որ ընտրությունների արդյունքը կանխորոշված է. կանխորոշված էր դեռ դեկտեմբերին, երբ ազդեցիկ երկու ուժերը՝ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն, հրաժարվեցին մասնակցել ընտրություններին:
-Քարոզարշավը ֆիլմ չի, որ նայես ու սյուժեն լավ կամ վատ կատարես, այն պետք է լինի հինգ տարի կատարված աշխատանքի կարճ վերլուծությունը, զուտ մեկ ամսվա ընթացքում չես կարող PR տեխնոլոգիաներ կիրառելով՝ լավ քարոզարշավ իրականացնել,- նշեց փորձագետը:
-Առաջինը փողոցում բոլորին բարևելով, ձեռք սեղմելով, բոլորի ներկայությամբ վարսավիրանոց գնալով է իրականացրել իր քարոզարշավը, երկրորդն անորոշ հացադուլ է անում, երրորդն էպոս է երգում ու պարում, չորրորդը՝ գյուղեգյուղ ընկած համալսարանի տնտեսագիտություն է բացատրում՝ մտածելով, թե վարչապետի ընտրություններ են, հաջորդը՝դիմում է ՍԴ, հետո վերցնում իր դիմումը, մյուս թեկնածուն ասուլիսներ է տալիս ասելով, թե ես չեմ մասնակցելու ընտրություններին, բայց ինձ ընտրեք, այս ամենը անլրջացրեցին ամբողջ իրադրությունը,- մեկնաբանեց Բադալյանը:
Խոսելով նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերի մասին՝ փորձագետը նշեց, որ ծրագրերն ամենակարևոր կոմպոնենտը չեն.
-Ընտրությունները դիսերտացիայի պաշտպանություն չէ, որ լավ ծրագիր գրես ու լավ պաշտպանես ժողովրդի առջև, բայց օրինակ Հրանտ Բագրատյանը գերագնահատել է ծրագրի նշանակությունն ու դերը, երևի իրան թվում էր, թե հասարակությունը բան ու գործ չունի, իր ծրագիրը պետք է կարդա,- եզրափակեց իր խոսքը Բադալյանը:
Զրուցեց՝ Սեդա Ղուկասյանը