Շատ միրգ ուտել խորհուրդ չի տրվում
Մրգերի օգտակարության մասին շատ է խոսվում և գրվում: Սակայն օգտագործվող մրգերի քանակը չարաշահելու դեպքում կարելի է հավելյալ քաշ ձեռք բերել և էապես ավելացնել մի շարք հիվանդությունների առաջացման հավանականությունը, հավաստում են բրիտանացի հետազոտողները:
Հետազոտությունների ընթացքում գիտնականները հայտնաբերել են, որ ֆրուկտոզան բթացնում է հագեցվածության զգացողությունը, որի արդյունքում ուտելու ժամանակ մարդ ավելի շատ կալորիաներ է ընդունում, քան նրան անհրաժեշտ է: Մրգերի շատ օգտագործումը հանգեցնում է նաև արյան մեջ շաքարի պարունակության բարձրացմանը, ինչը վտանգավոր է շաքարախտով տառապողների համար:
Հարկ է նշել, որ աճում է նաև սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը, քանի որ մրգերի հետ միասին օրգանիզմ են մուտք գործում տրիգլիցերիդներ, որոնք, հավաքվելով, նպաստում են տարատեսակ հիվանդությունների առաջացմանը: Գիտնականները խորհուրդ են տալիս նման դիետաների ժամանակ մեկ մրգից հետո ուտել չորս բանջարեղեն: