Ձերբակալված աշակերտների գործը դեռևս որևէ դրական տեղաշարժ չի գրանցել
Ինչպես հաղորդել էինք, մայիսի 15-ին, կառավարության նիստի ընթացքում կառավարության շենքի դիմաց իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել ձերբակալված աշակերտների ծնողները: Այսօր Operativ.am-ի թղթակիցը կապ հաստատեց ձերբակալվածներ Աբրահամի և Մեսրոպի ծնողների հետ:
Մեսրոպի մայրը՝ տիկին Գրետան, նշեց, որ, չնայած այն հանգամանքին, որ վարչապետը ասել էր, որ նիստից հետո հանդիպում կկազմակերպի ծնողների հետ, այնուամենայնիվ, նրանք անմիջական հանդիպում չեն ունեցել, այլ՝ հանդիպումը եղել է վարչապետի և փաստաբանի միջև: Նրանք քննարկել են, որ գործը կվերանայվի, այնուհետև կորոշվի, թե ինչ ընթացք պետք է տրվի հարցին:
Թղթակցի այն հարցին, թե արդյոք տեսել են երեխաներին, Մեսրոպի մայրն ասաց, որ երեխաներին տեղափոխել են Աբովյան քրեակատարողական հիմնարկ և հնարավոր չէ տեսնել:
Իսկ Աբրահամի հայրը՝ Վանիկ Շահինյանը, նշեց, որ, այս պահին նրանք դեռևս սպասում են վարչապետի պատասխանին, սակայն, եթե որևէ դրական պատասխան չեղավ, այդ դեպքում նրանք դիմելու են ցանկացած ծայրահեղ քայլի, միայն թե իրենց երեխաներին ազատեն:
Նա նաև նշեց, որ, եթե երեխաները դուրս չբերվեն կալանքից, ապա նրանք պատրաստ են նույնիսկ դպրոցներին վնաս տալ և փակել ճանապարհները:
Սոնա Բախշյան