Մոնակոյի արքայազնը բոյկոտում է Կաննի փառատոնը
Ֆրանսիական Ռիվիերայում մեկնարկած 67-րդ Կաննի միջազգային փառատոնը ընթանում է անսովոր լարված մթնոլորտում՝ պայմանավորված Մոնակոյի արքայական ընտանիքի բոյկոտով: Գրում է ru.euronews.com-ը:
Փառատոնի ժյուրիի կազմն այս տարի գլխավորում է «Դաշնամուր» ֆիլմի համար «Ոսկե արմավենու» արժանացած Ջեյն Քեմպիոնը: Ժյուրիի կազմում են նաև Սոֆիա Կոպպոլան, Կառոլ Բուկեն և Վիլյամ Դեֆոն:Փառատոնի գլխավոր մրցանակ հանդիսացող «Ոսկե արմավենու» համար կպայքարեն 11 երկրից ներկայացված 18 ֆիլմ:
Փառատոնը բացվել է ոչ մրցակցային ֆիլմ հանդիսացող ֆրանսիացի ռեժիսոր Օլիվյե Դաանայի «Մոնակոյի արքայադուստրը» ֆիլմով: Հենց այս ֆիլմն է զայրույթ առաջացրել Գրիմալդի տոհմի մոտ:Հոլիվուդի նախկին դերասանուհի Գրեյս Քելլիի՝ իշխանուհի Գրեյսի, կերպարից դժգոհ արքայական ընտանիքը որոշել է բոյկոտել փառատոնը:
Իշխանուհու կերպարը մարմնավորած դերասանուհի Նիկոլ Քիդմանը ստեղծված իրավիճակը «տխուր» է համարել: Սակայն, ֆիլմի շուրջ առաջացած սկանդալը միայն ավելի է լարել հանրության ուշադրությունը: Փառատոնի հաղթողները կհայտարարվեն մայիսի 25-ին: