Այսօր շնորհավորանքներ է ստանում հայ կինոօպերատոր Ռուդոլֆ Վաթինյանը
Ռուդոլֆ Վաթինյանը ծնվել է 1941 թվականին Հայաստանում։ Ռուդոլֆ Վաթինյանը հայտնի հայ կինոօպերատոր է, աշխատել է Ալբերտ Մկրտչյանի, Վիգեն Չալդրանյանի և այլ շատ հայտնի ռեժիսորների հետ։
Կյանքը և կարիերան
Ռուդոլֆ Վաթինյանը ծնվել է 1941 թվականին Դիլիջանում։ 1959 թվականին ավարտել է Դիլիջանի թիվ 1 միջնակարգ դպրոցը։ Փոքր տարիքից զբաղվել է նկարչությամբ, քանդակագործությամբ և մոդելագործությամբ։ Ընկերներով ակտիվորեն հետևում էին Վանիկ Շահաբյանի գործունեությանը։ Հետագայում սկսում է զբաղվել լուսանկարչությամբ և ընդունվում աշխատանքի տեղական թերթի խմբագրություն։ 1965 թվականին ընդունվել է և 1970 թվականին ավարտել Մոսկվայի կինեմատոգրաֆիստների համամիութենական ինստիտուտի օպերատորական բաժինը (ՎԳԻԿ)։ 1970 թվականից մինչև այժմ աշխատում է «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես օպերատոր։ Ավարտելուց հետո աշխատել է որպես երկրորդ օպերատոր Սերգեյ Իսրայելյանի մոտ՝ «Խաթաբալա» ֆիլմում, որի ռեժիսորն էր Յուրի Երզնկյանը։ Այդ ֆիլմից հետո Ռուդոլֆ Վաթինյանը երկար տարիներ աշխատել է Յուրի Երզնկյանի հետ։ Երզնկյանի հետ միասին աշխատել են «Այս կանաչ, կարմիր աշխարհը» ֆիլմում, որը շատ բարձր էր գնահատել Սերգեյ Փարաջանովը։ Շատ ֆիլմերում են աշխատել ռեժիսոր Կարեն Գևորգյանի հետ, որը նախկինում եղել էր օպերատոր։ Այդ ֆիլմերից են «Օգոստոս» և «Պուտիկավոր շունը, որը վազում է ծովի եզրով», որը հիմնված է Չինգիզ Այթմատովի պատմվածքի վրա։ Կրկնակի պարգևատրվել է պետական մրցանակով։ Աշխատում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ Հայաստանի կինեմոտոգրաֆիստների միության քարտուղարն է։ Լավագույն օպերատոր է ճանաչվել և մրցանակի արժանացել «Սիրով և երախտագիտությամբ», «Օգոստոս», «Տեր, ողորմյա» ֆիլմերի համար։
Ֆիլմագրաֆիա
2009 Սահման վավերագրական ֆիլմ (օպերատոր Վրեժ Պետրոսյանի հետ համատեղ)
2008 Տխուր փողոցի լուսաբացը Լևոն Աթոյանցի և Ա. Մովսիսյան հետ համատեղ
2008 Սիրով և երախտագիտությամբ վավերագրական ֆիլմ, հանդիպում է նաև «Տակառագործները» անունով
2007 Քրմուհին Վահագն Տեր-Հակոբյանի հետ համատեղ
2006 Լռության նախերգանք կարճամետրաժ
2001 Հին հռոմեկան ճանապարհին
2001 Ուրախ ավտոբուս
1999 Տերևաթափ Անթարեսի վրա կարճամետրաժ
1999 Բարի ոգիների նոր արկածները տիկնիկային մուլտֆիլմ (օպերատոր Ռ. Բալասանյանի հետ համատեղ)
1996-97 Տեր, ողորմյա
1995 Փարաջանով. վերջին կոլաժ վավերագրական հեռուստաֆիլմ (օպերատոր Տ. Տրոնշեի հետ համատեղ)
1995 Յո երթաս վավերագրական
1993 Վերջնագիծ
1993 Կիսանդրի կարճամետրաժ
1992 Պուտիկավոր շունը, որը վազում է ծովի եզրով օպերատոր Իգոր Բելյակով և Կարեն Գևորգյանի հետ համատեղ
1991 Պատանդներ
1988 Շնչառություն
1987 Եվս հինգ օր
1986 Քանի դեռ ապրում ենք…
1985 Ու՞ր ես գնում, զինվոր
1985 Անմահության անձնագիր վավերագրական հեռուստաֆիլմ
1984 Մեր մանկության տանգոն
1983 Գիշերվա մեջ առկայծող կրակը (Միքայել Նալբանդյան)
1982 Պատահար հուլիսին կարճամետրաժ
1982 Հին օրերի երգը
1981 Գործուղում առողջարան
1980 Մեր պապերի քայլերգը Ֆիլմը հանդիպում է նաև «Ավտոմեքենան տանիքի վրա» անունով
1979 Մահկանացուդ կնքիր թամբին
1977 Խոհարարները եկել են մրցույթի
1976 Օգոստոս
1975 Շեկ ինքնաթիռ
1975 Այս կանաչ, կարմիր աշխարհը
1974 Դեղին թոնիր կարճամետրաժ
1973 Անլռելի գույներ կարճամետրաժ վավերագրական ֆիլմ
1972 Երկուսից մինչև ութը կարճամետրաժ վավերագրական ֆիլմ
1971 Խաթաբալա որպես երկրորդ օպերատոր
1970 Լուսանկար կարճամետրաժ
Operativ.am լրատվական կայքի անձնակազմը շնորհավորում է հայ արվեստագետին, մաղթում նրան նորանոր աշխատանքներ: