Ո՞ւմ են պետք մեր մեծերը. բանաստեղծուհու 100-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթին չկար երիտասարդ սերնդի ոչ մի ներկայացուցիչ (լուսանկարներ)
Այսօր ՀԳՄ կլոր սեղանի դահլիճը պետք է որ մարդաշատ լիներ, քանզի նշանակված էր հուշ-ցերեկույթ` նվիրված հայ բանաստեղծուհի Արշալույս Մարգարյանի 100-ամյա հոբելյանին: Սակայն, չնայած նախապես տարածված ինֆորմացիային մամուլում և ԶԼՄ-ներում, դահլիճը, կարելի է ասել, դատարկ էր: Ներկա էին միայն հաշված թվով գրականագետներ, արվեստագետներ` մոտ Մարգարյան-Կրկյաշարյան ընտանիքին. ռեժիսսոր, դրամատուրգ Ռուբեն Մարուխյանը, բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Ազատ Եղիազարյանը, ՀՀ Վաստակավոր ժուռնալիստ Վանիկ Սանթրոսյանը, բանաստեղծուհի Զարզանդուխտը, և այլք, սակայն, ոչ մի ներկայացուցիչ երիտասարդ սերնդից:
Հայ սովետական բանաստեղծուհի Արշալույս Հակոբի Մարգարյանը ծնվել է 1914թ. ապրիլի 18-ին` Թիֆլիսում, 1936-ին ավարտել Երևանի պետ.համալսարանի բանասիրական ֆակուլտետը, նրա առաջին գիրքը` «Ձնծաղիկներ»-ը, լույս է տեսել 1947թ.-ին, հրատարակել է «Գարնանային վտակներ»` 1954թ., «Հայրենի հովիտ»` 1958թ., «Հեռաստաններ»` 1962թ., «Երբ սիրում ես»` 1970թ., «Դու ինձ սպասում էիր»` 1975, «Ինձ հետ էիր դու»` 1979, և այլ ժողովածուներ: Գրել է նաև մանուկների համար` «Թթենու տակ»` 1954, «Մանկապարտեզ N1»` 1972: Մահացել է 2008թ.-ի օգոստոսի 14-ին, թաղված է Երևանի պանթեոնում:
Արշալույս Մարգարյանը հանդիսանում է կինը հայ պատմաբան, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Սիմոն Միսակի Կրկյաշարյանի, ում հիմնական աշխատությունները վերաբերում են հին Հայաստանի հասարակական, տնտեսական, քաղաքական պատմությանը և աղբյուրագիտությանը: Ս.Մ. Կրկյաշարյանը կատարել է նաև բազմաթիվ թարգմանություններ հին հունական աղբյուրներից, հատկանշականներն են` Հոմերոս` «Ոդիսական», Սոփոկլես` «Անտիգոնե», Էսքիլես, Եվրիպիդես և այլն:
Ինչպես նշեց այսօր` Արշալույս Մարգարյանի հուշ-ցերեկույթին, ՀԳՄ նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, Ա.Մ-ն այն կին բանաստեղծուհիներից է, ով, բարդ տարիներին ստեղծագործելով, կարծես նոր շունչ էր հաղորդել այն սերնդին, որ կորցրել էր լույսի, հույսի աղբյուրը` 1920-ական թթ. հետո: «Կարծում եմ` բանաստեղծի հիշատակը ամենալավը պահպանում են նրա բանաստեղծությունները, քանի դեռ դրանք կարդում ենք, հեղինակը հիշված է, հետևաբար, և կենդանի»,- ասաց Միլիտոնյանը:
Ազատ Եղիազարյանը, ով 30-40 տարվա ընկերություն է արել Ա.Մ.-ի ամուսնու` Սիմոն Կրկյաշարյանի հետ, ասաց, որ, իսկապես, Արշալույս Մարգարյան-Սիմոն Կրկյաշարյան ընտանիքը հետաքրքիր ընտանիք էր, որը շատ մեծ ավանդ ունեցավ ՀՀ մշակույթի մեջ. «Արշալույս Մարգարյանին չի կարելի հիշել առանց իր ամուսնու` Սիմոն Կրկյաշարյանի, ով մի այլ կարգի մեծ ակնածանքով էր խոսում յուր կնոջ ստեղծագործական արգասիքների մասին: Ա.Մ-ի «Արտամետի այգին» ստեղծագործությունը կարծես հարազատ է ամեն հայի, ով կորցրել է իր հայրենիքը, ինչպես բանաստեղծուհին` չէ որ նա արմատներով Վանից էր...»:
Ինչպես նշեց Ռուբեն Մարուխյանը, Արշալույս-Սիմոն զույգին հարևանները հիշում են նախ և առաջ որպես հավատարիմ, միմյանց անչափ սիրող ու հարգող զույգի, ում սիրո վրա տարիները բացասաբար չէին ազդել: Այնուհետև, խոսելով բանաստեղծուհու ստեղծագործությունների մասին` նա ասաց. «Բանաստեղծները չեն մեռնում... Ա.Մ.-ի պոեզիան իր մեջ պարունակում է տիեզերական ուժ, ապրումներ, կյանք, ներաշխարհ, նոււրբ զգացողություններ` այս ամենն է, որ մարդուն պետք է կարողանա ապրեցնել. սա է պոեզիայի բուն նպատակը» :
Հ.Գ. Քանի մարդ հիշվում է, նա կենդանի է. թեև այս միջոցառմանը, գուցե ի տխրություն, գուցե ի ուրախություն, ներկաների թիվը շատ չէր, և երիտասարդ սերնդից ներկայացուցիչներ չկային, բայց և բանաստեղծուհին հաստատ ուրախ կլիներ, որ հիշվում է իր ամենամտերիմների կողմից, ովքեր սիրում ու հարգում էին նրան, և հարգում են ցայսօր: Իսկ հայ երիտասարդությանը, գուցե, պետք է փոխել իր արժեհամակարգը, քանզի եթե մենք այսօր չենք հիշում, կամ, որ ավելի վատ է, չենք ճանաչում մեր մեծերին, էլ ո՞ւմ էին պետք նրանց չարչարանքները` ևս մեկ ստեղծագործական շեդևր լույս աշխարհ բերելու այն տարիներին, երբ դա իրոք բարդ էր ու գրեթե անիրականանալի...
Անուշ Կրկյաշարյան