Գալուստ Սահակյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի անպարկեշտության և օրեցօր աճող ագրեսիայի մասին
Operativ.am-ի թղթակիցը զրուցեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի հետ՝ փորձելով մենաբանություն ստանալ այն մասին, որ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն Ապարանի բժշկական կենտրոնի պատից պատռել է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի պաստառները.
-Նախ խախտում է, որ աշխատանքային ժամին արդեն որերորդ անգամ Րաֆֆի Հովհաննիսյանը մտնում է հիմնարկներ՝ քաղաքապետարաններ, գյուղապետարաններ, իսկ իր կողմից պաստառները պոկելը, որ շատ վիրավորական բառ չասեմ՝ որոշակիորեն անպարկեշտ արարք է. նույնիսկ եթե ինչ-որ մեկը նկար է փակցրել, պետք է նրան օրենքը բացատրել, ասել, որ այդ վայրում օրենքով չի թույլատրվում պաստառներ փակցնելը: Ե՛վ Երևանում, և՛ մարզերում Րաֆֆի Հովհաննիսյանի նկարներից կան փակցված այն վայրերում, որոնք օրենքով նախատեսված չեն, սակայն մենք ձայն էլ չենք հանում, որովհետև չենք ուզում մթնոլորտը աղտոտել,- նշեց Գալուստ Սահակյանը:
Սահակյանի խոսքով՝ չի կարելի գնալով ագրեսիվ դառնալ և երազել, որ վերջին ամենամեծ ցանկությունը լինի նախագահ դառնալը:
Այն հարցին, թե արդյոք վտանգ չի՞ սպասվում նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի՝ մարզերում աճող վարկանիշի պատճառով, Սահակյանը նշեց.
-Ես ուրախ կլինեմ, եթե նրա վարկանիշն աճի մարզերում, սակայն այնքան էլ չեմ հավատում, որ աճել է նրա վարկանիշը, համենայն դեպս անցել են այն ժամանակները, որ սեթևեթելով, խամաճիկի վիճակներ ստեղծելով կարելի է ժողովրդին խաբել. ժողովուրդը կարող է հրապուրվել, բայց երբեք չի խաբվի,- նշեց ՀՀԿ փոխնախագահը:
Սահակյանի խոսքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթելու որևէ շանս չունի, ինչի մասին վկայում է իրենց լռությունը. ՀՀԿ-ականները նույնիսկ չեն էլ արձագանքում նման դեպքերին: