Ո՞րն է հրադադարը խախտելու` Ադրբեջանի իրական նպատակները
Արդեն մի քանի օր է, ինչ Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը հատկապես Չինարի գյուղի ուղղությամբ, ու եթե մի կողմ դնենք մի քանի էմոցիոնալ արձագանք, ապա կարելի է ասել, որ մեծ հաշվով մեր հասարակությունն իրականում չի էլ հասկանում՝ ինչ է կատարվում։
Ադրբեջանում հիմա շատ լարված ներքին իրավիճակ է, ու Ալիևի ռեժիմը ամեն կերպ փորձում է շեղել իր հասարակության ուշադրությունը առկա ներքին խնդիրներից ու ստեղծել միրաժային թիրախներ, որպեսզի մեղմի բողոքի ալիքը։ Այդ կոնտեքստում եմ դիտարկում ինչպես էդ չարաբաստիկ հայասեր գրողի շուրջ բարձրացրած աղմուկն ու զարգացումները, այնպես էլ հաճախակիացած միջադեպերը սահմանում։
Իրականում, մեծ հավանականություն կա, որ դրանք կրում են սադրիչ բնույթ ու հետևում են մեկ գերնպատակ՝ դրդել մեզ հերթական անգամ անհամարժեք պատասխան տալ, որպեսզի ադրբեջանական հասարակությունում կարողանան կրկին ակտուալացնել հայկական վտանգի հարցը՝ այդ կերպ շեղելով նրանց սոցիալական անարդարության, իշխանական ամենաթողության և այլ՝ զուտ ներադրբեջանական խնդիրներից։
Այս համատեքստում շատ գրագետ է վարվում մեր ՊՆ-ը ու ղեկավարությունը, ու ասեմ ինչում։ Այո, իհարկե կարող ենք ամառվա պես հատուկ նշանակության ջոկատներ բերել, կամ անգամ առկա ուժերով մի հատ լոկալ պատժիչ գործողություն իրականացնել, ինչ-որ x քանակությամբ հակառակորդի կենդանի ուժ ոչնչացնել ու քաշվել մի կողմ, բայց փաստացի մենք միայն կօգնենք Ալիևի ռեժիմին նման քայլով, որովհետև նրա նպատակը՝ հայերով քողարկել իր խնդիրները, կիրականանա։
Ի դեպ, չեմ կարող չնշել մեր ՊՆ-ի գրագետ ու զուսպ գործելաոճը տեղեկատվական դաշտում։ Այս անգամ ամեն ինչ ճիշտ է արվում ու օրինակ միայն այն հանգամանքը, որ որոշակի հաճախականությամբ ՊՆ մամլո խոսնակը հերթական ՊՆ հաղորդագրությունն է տարածում, արդեն իսկ գովելի է ու հաստատ մեծ նշանակություն ունի, որպեսզի ապատեղեկատվություն ու խուճապ չսերմանվի տեղեկատվական դաշտում։
Այս գրառումը Ֆեյսբուքի իր էջում կատարել է Վահան Ղուկասյանը: