Թուրքիայի իշխանությունների կողմից Հայոց Ցեղասպանության ընդունումը հարկավոր է ամբողջ թուրք ազգի համար. Փարիզի քաղաքապետ
Երեկ` ապրիլի 24-ին, Փարիզի քաղաքապետարանի ընդունելության դահլիճում տեղի է ունեցել հատուկ միջոցառում` նվիրված 1915 թ. Հայոց Ցեղասպանության 99-ամյա տարելիցին, որը կազմակերպել էր Փարիզի նորընտիր քաղաքապետ Անն Իդալգոն: Այս մասին հայտնում է ֆրանսիական «L'Express» ամսագիրը:
Փոխանցվում է, որ միջոցառմանը ներկա են գտնվել քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, սենատորներ, քաղաքագետներ, մշակույթի ներկայացուցիչներ, հայտնի դեմքեր, հարյուրավոր ֆրանսիացիներ և այդ երկրում բնակվող հայեր:
«Արդյո՞ք սա առաջընթաց է: Պե՞տք է իրերն ընդունել այնպես, ինչպես դրանք կան: Ես նախընտրում եմ լավատես լինել. սա առաջին քայլն է»,- անդրադառնալով Էրդողանի հայտարարությանը` ասել է Անն Իդալգոն:
Վերջում Իդալգոն նշել է, որ Թուրքիայի իշխանությունների կողմից Հայոց Ցեղասպանության ընդունումը հարկավոր է ամբողջ թուրք ազգի համար: