Սերժ Թանկյանը բաց նամակով դիմել է թուրք ժողովրդին
Աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը «Ակոս» շաբաթաթերում բաց նամակով դիմել է թուրք ժողովրդին և կոչ արել դեմ առ դեմ կանգնել պատմության առջև: Այս մասին հայտնում է novostink.ru-ն:
Իր նամակի մեջ Թանկյանը կոչ է արել թուրք ժողովրդին նայել սեփական պատմության դեմքին և «իրականում գտնել իրենց». «Թուրքիան շատ կարևոր է ինձ համար ոչ միայն նրա համար, որ այնտեղ ծնվել են իմ նախնիները, այլ նաև նրա համար, որ իմ ազգը ապրել է այդ հողերի վրա, որոնք բռնագրավվել են` ոչ թե պատերազմի և սահմանների փոփոխությամբ, այլ կառավարության դաժան որոշումների պատճառով: Ի՞նչ նշանակություն այսօր այն ունի մեզ համար: Ամեն ինչ շատ պարզ է: Հայերը չեն ցանկանում վիճել Թուրքիայի հետ կամ էլ ստեղծել ռասիստական բաժանումներ, մենք միայն ցանկանում ենք արդարություն, որպեսզի մենք բոլորս կարողանանք հաղթահարել պատմական ցավը, որը ստեղծում է լարվածություն մեր հարաբերությունների մեջ»:
Դիմելով թուրք ժողովրդին` Թանկյանը հետաքրքրվել է` արդյո՞ք նրանց հայտնի է, որ Թուրքիայի կառավարությունը ծախսում է միլիոնավոր դոլարներ, որպեսզի արգելափակի այն քայլերը, որոնցով հնարավոր կլինի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը՝ վարձելով տարբեր լոբբիստական ընկերություններ և համալսարաններում ստեղծելով բաժանմունքներ:
«Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչպես են իրենց զգում հայերը, ի՞նչ ցավոտ փորձություն է դա: Մի՞թե բավական չէ այն, որ ես այն մարդկանց թոռն եմ, ովքեր կարողացել են ապրել այդ ողբերգությունը: Մի՞թե արդարության հասնելու համար ես պետք է պայքարեմ ամբողջ աշխարհով անցկացվող քարոզչության հետ»,- գրել է Սերժ Թանկյանը: