«Mardan Palace» հյուրանոցի գլխավոր տնօրենը՝ միլիարդատեր Թելման Իսմայիլովի պարտքերի մասին
«Mardan Palace» հյուրանոցի գլխավոր տնօրենն անդրադարձել է ադրբեջանցի միլիարդատեր Թելման Իսմայիլովի պարտքերին: Այս մասին հայտնում է haqqin.az-ը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ թուրքական «Taraf» թերթը նյութ էր հրապարակել, որտեղ նշում էր, թե ադրբեջանցի միլիարդատեր Թելման Իսմայիլովը վարկ է վերցրել «Halkbank»-ից: Բանկը Իսմայիլովին էր տրամադրել 62,5 մլն ԱՄՆ դոլար «Mardan Palace» հյուրանոցի կառուցման համար, որի վրա ընդհանուր առմամբ ծախսվել էր 1,4 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ բանկի կողմից տրամադրված գումարը մինչ այժմ չի վերադարձվել:
«Mardan Palace» հյուրանոցի գլխավոր տնօրեն Չետին Պեխլիվանը նշել է, որ հյուրանոցն իրականում ունի վարկային պարտավորություններ «Halkbank»-ի նկատմամբ՝ 62,5 մլն ԱՄՆ դոլարի չափով և այն մարվում է իր սահմանված ժամկետում` բանկի կողմից համապատասխան տոկոսներով:
««Mardan Palace»-ը հանդիսանում է շահութաբեր օբյեկտ և տարեցտարի մենք մեծացնում ենք մեր եկամուտը: Կարող եմ ասել, որ ամեն տարի տարբեր երկրներից 200 հազար զբոսաշրջիկներ հանգրվանում են մեր հյուրանոցում: Բազմաթիվ հայտնի ընկերություններ մեզ մոտ անցկացնում են իրենց միջոցառումները»,- հայտարարել է Չետին Պեխլիվանը:
Նա նշել է, որ այս տարի նրանք սպասում են ռուս զբոսաշրջիկների մեծ հոսք, որոնք նույնիսկ մի քանի ամիս առաջ էին ամրագրել իրենց համարները:
«Բոլոր այդ անհիմն հայտարարությունները մենք համարում ենք` որպես մեր և Թելման Իսմայիլովի մրցակիցների նախանձություն»,- հայտարարել է Չետին Պեխլիվանը: