Սերժ Սարգսյանի հայտարարությանն անդրադարձել է ադրբեջանական մամուլը
Սերժ Սարգսյանի հայտարարությանն անդրադարձել է ադրբեջանական մամուլը: Մասնավորապես` ադրբեջանական haqqin.az կայքը գրում է. «Սևանա լճից մի կաթիլ անգամ ջուր չի գնա Ադրբեջան: Այս մասին այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ամենամյա հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Այս կերպ նախագահը արձագանքել է ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանի արած հայտարարությանը, որ անհրաժեշտ է ավելի արդյունավետ դարձնել ոռոգման համակարգը, և լուծել այն խնդիրը, որ Հայաստանից ջուրը գնում է դեպի Ադրբեջան:
Ակադեմիկոսը նշել է, որ իշխանությունները սխալ են գնահատում Սևանա լճի կարևորությունը. «Կանցնի մի քանի տարի և թարմ ջուրը նավթից ավելի թանկ կլինի»,- ասել է Ջրբաշյանը:
Նա հավելել է, որ երբ բաց են թողնվում Սևանի ջրերը, դրանցից միայն 20-30 տոկոսն է գնում Հայկական հողերի ոռոգմանը, մնացած ջուրը գնում է Նախիջևան:
Ի պատասխան Ռուբեն Ջրբաշյանի` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ասել է. «Ես խնդրում եմ Սևանի մասին ոչ թե հուզական, այլ` մասնագիտական խոսք ասել: Սևանի ջրից մի կաթիլ անգամ Ադրբեջան չի գնում» »: