Ապրիլի 22-ին հայտնի անգլիացի գրող և դրամատուրգ Հենրի Ֆիլդինգի ծննդյան օրն է
Հենրի Ֆիլդինգ (անգլ.՝ Henry Fielding, 1707 թ. ապրիլի 22, Շարֆամ, Սոմերսեթ, Անգլիա - 1754 թ. հոկտեմբերի 8, Լիսաբոն), հայտնի անգլիացի գրող և դրամատուրգ։ Նրա ստեղծագործությունները, որոնցից ամենահայտնին «Թոմ Ջոնս» (ամբողջական անունը՝ «Ընկեցիկ երեխա' Թոմ Ջոնսի պատմությունը», „The History of Tom Jones, a Foundling“, 1749) վեպն է, աչքի են ընկնում կենցաղային հումորով և երգիծական վարպետությամբ։ Ֆիլդինգը համարվում է եվրոպական ռեալիստական վեպի ակունքներում կանգնած գրողներից մեկը։
Բացի իր գրական գործունեությունից` Ֆիլդինգը մեծ տեղ է զբաղեցրել իրավապահ մարմինների պատմության մեջ՝ դատավորի իրավասությունների օգտագործմամբ ստեղծելով իր եղբոր՝ Ջոն Ֆիլդինգի հետ Լոնդոնի առաջին ոստիկանական ստորաբաժանումը՝ «Բոու սթրիթի խուզարկուները» անունով (The Bow Street Runners)։