Ադրբեջանցի մարդասպան Զեյնալովը կոնֆլիկտ է ունեցել վրացի «օրենքով գող» Միրոն Գորգիձեյի հետ
Բիրյուլյովում հոկտեմբերի 11-ին 25-ամյա Եգոր Շերբակովի սպանության մեջ մեղադրվող մարդասպան Օրհան Զեյնալովին տեղափոխել են մեկուսարան: Այս մասին հայտնում է ադրբեջնական Vesti.Az-ը:
Փոխանցվում է, որ 30-ամյա մարդասպանը «Матросская тишина» քրեակատարողական հիմնարկում կոնֆլիկտի մեջ է մտել վրացի «օրենքով գող» Միրոն Գորգիձեյի հետ, ով քրեական աշխարհում առավել հայտնի է Միրիկիա մականունով:
Ինչպես հայտնում է աղբյուրը, 61-ամյա քրեական հեղինակությունը նկատողություն է արել Զեյնալովին, քանի որ նա նույն բանտախցում իր պատիժը կրող կալանավորներին խափել և ասել էր, որ ձերբակալության ժամանակ ոստիկանները նրան ծեծի են ենթարկել և տանջել: Սակայն հետագայում պարզ էր դարձել, որ այդ ամենը սուտ է, քանի որ նրա ձերբակալության ժամանակ հենց ինքը Զեյնալովը դիմադրություն էր ցույց տվել, վիրավորել էր ոստիկաններին և սկսել էր նրանց հետ վիճել:
Այդ պատճառով «օրենքով գողը» նրան դիտողություն է արել, սակայն ադրբեջանցի մարդասպանը չի ենթարկվել նրան, իսկ գողական աշխարհի օրենքներով այն մարդը, ով չի ենթարկվում գողական աշխարհի օրենքներին, պետք է ծեծի ենթարկվի: Այդ պատճառով քրեակատարողական հիմնարկի աշխատողները որոշում են ադրբեջանցի մարդասպանին տեղափոխել մեկուսարան:
Հիշեցնենք, որ Բիրյուլյովում հոկտեմբերի 11-ին 25-ամյա Եգոր Շերբակովի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցի 30-ամյա Օրհան Զեյնալովին ոստիկանության օպերատիվ աշխատակիցները կարողացել էին ձերբակալել՝ նրա հարազատների օգնությամբ:
Դատավարության ժամանակ մարդասպանը հայտնել էր, որ ինքը չի սպանել Շերբակովին՝ չնայած նրան, որ ավելի վաղ՝ հարցաքննության ժամանակ, ընդունել էր մեղքը: