Զատկի ավանդույթներ
Զատիկի սեղան, զատկի տոնի կապակցությամբ քրիստոնյաների կողմից պատրաստվող ավանդական կերակրատեսակները։
Զատիկի սեղանի վրա լինում են խաշած, ներկված ձվեր։ Ձվերը ներկվում են արհեստական, լուծվող կերակրային ներկերով, գունավոր թղթերով, կամ կտորներով։ Որպես բնական գունանյութեր օգտագործվում են սոխի կճեպներ, սուրճ կամ զաֆրան։ Ուկրաինայի պես երկրներում նաև սովորություն է օգտվել մոմից և ներկից՝ նախշազարդ ձվեր ստեղծելու համար։
Շատ քրիստոնյաներ պատրաստում են միայն կարմիր ներկած ձվեր, որոնք խորհրդանշում են Հիսուսի թափած արյունը մարդկանց մեղքերի համար։ Ներկայումս հաճախ դրանք ներկվում են տարբեր գույներով։ Պարսկահայերը սեղանին նաև ունենում են պասկա, որի շուրջն ափսեի մեջ են երբեմն շարվում ներկված ձվերը։ Բողոքական քրիստոնյաների մոտ ընդունված են նաև շոկոլադե ձվիկները։
Զատիկ կիրակվա նախորդ գիշերը, Հայաստանում Զատկի սեղանին լինում են եփած ձուկ, չամիչով փլավ և գինի։ Չամիչով փլավը մեկնաբանվում է որպես ողջ մարդկության խորհրդանիշ, որտեղ չամիչը՝ հավատացյալներն են, գինին՝ Հիսուսի արյունը։ Պարսկահայերը սեղանին ունենում են ծխացրած ձուկ, քուքու, փլավ, և երբեմն նաև սալորի խոռիշտ (շոգեխաշած սոուսի տեսակ), որը մեջ կարմիր միս չեն օգտագործում։ Գինին լցվում է մի կտոր նշխարի վրա, որպեսզի թաթախվի։ Նշխարը խորհրդանշում է Հիսուսի մարմինը, իսկ գինին՝ արյունը, ինչպես Վերջին ընթրիքի ժամանակ։
Զատիկ կիրակի եկեղեցու բակում և նաև Զատկի շրջակա օրերին, մանուկները (և երբեմն էլ մեծերը) «հավկիթ են խաղում»։ Այս խաղը տեղի է ունենում երկու հոգու միջև՝ մեկը պահում է մեկ ներկված հավկիթ, մեկ ծայրը դեպի վեր, մյուսն իր ներկված հավկթի նույն ծայրը (սուր կամ լայն) արագ իջեցնում է և խփում մյուսի հավկթին։ Հետո խաղը կրկնվում է նույն հավկիթների մյուս ծայրերով՝ բայց այս անգամ առաջինն է իջեցնողը և երկրորդը՝ պահողը։ Ում հավկիթը, որ չի կոտրվում, նա հաղթում է, և հաղթվածն իր հավկիթը տալիս է իրեն։ Եթե ամեն հավկթի մի ծայրն է կոտրվում, ապա մեկ անգամ ևս խաղում են հավկիթների անվնաս ծայրերով, որպեսզի որոշվի հաղթողը։