Խորհրդարանում իմ ներկայությունը խանգարում է շատերի մարտնչող տգիտությանը. Նաիրա Զոհրաբյան
Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հերքեց լրատվամիջոցներից մեկում տարածված այն տեղեկատվությունը, թե ԲՀԿ-ն ընտրություններից հետո կոալիցիա է կազմելու.
-Մամուլում հրապարակվող տեղեկատվությունը իրականության հետ որևէ աղերս չունի, որևէ քաղաքական պատճառ չկա, որպեսզի ԲՀԿ-ն մտնի կոալիցիա: Ինչ վերաբերում է համառորեն ինձ մշակույթի նախարար «նշանակելուն», կպատասխանեմ՝ հասկանում եմ, որ շատերը խորհրդարանում իմ ներկայությունից լրջագույն դիսկոմֆորտ են զգում, որովհետև իմ ներկայությունը խանգարում է շատերի մարտնչող տգիտությանը, նրանց դիսկոնֆորտը իմ ներկայությունից շարունակվելու է, որովհետև ես խորհրդարանից որևէ տեղ չեմ գնալու և շարունակելու եմ պայքարել մարտնչող տգետների դեմ թե՛ խորհրդարանում, թե՛ խորհրդարանից դուրս,- նշեց ԱԺ պատգամավորը:
Զոհրաբյանի մեկնաբանմամբ՝ այս լուրերը շրջանառության մեջ են հայտնվում այն լրատվամիջոցների շնորհիվ, որոնք կոնկրետ օղակների իշխանական պատվերներ են կատարում.
-Կարող եք նայել, թե որ լրատվամիջոցներն են նման նյութեր տեղադրում և ձեզ համար պարզ կլինի, թե ովքեր են իշխանական պատվեր կատարող լրատվամիջոցները,-Operativ.am-ի թղթակցին խորհուրդ տվեց Զոհրաբյանը: