Անատոլ Ֆրանսը և Հայկական հարցը
Այսօր` ապրիլի 16-ին, ծնվել է ֆրանսիացի գրող Անատոլ Ֆրանսը:
Անատոլ Ֆրանս (ֆր.՝ Anatole France; իսկական անունը՝ Ֆրանսուա Անատոլ Տիբո, François-Anatole Thibault; 1844թ.ապրիլի 16, Փարիզ - 1924թ. հոկտեմբերի 12, Սեն-Սիր-սյուր-Լուար), ֆրանսիացի գրող և գրաքննադատ, ակադեմիկոս, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1921)։
Հեղինակ է բազմաթիվ վեպերի, վիպակների, պատմվածքների, բանաստեղծությունների և պիեսների, այդ թվում՝ «Թայիս» (Thaïs, 1890)[1], «Սագաթաթիկներ թագուհու պանդոկը» (La Rôtisserie de la reine Pédauque, 1892), «Կարմիր շուշան» (Le Lys rouge, 1894), «Պինգվինների կղզի» (L’Île des Pingouins, 1908) վեպերը։
Անատոլ Ֆրանսը հանդես է եկել ճնշված ժողովուրդների, մասնավորապես Օսմանյան կայսրության հայերի պաշտպանությամբ։ Նախաձեռնել և ոգեշնչել է բազմաթիվ հասարակական միջոցառումներ, որոնց նպատակն էր լայն հասարակությանը տեղեկացնել արևմտահայերի նկատմամբ իրականացվող կամայականությունների, բռնությունների և կրկնվող ջարդերի մասին։ Աբդուլ Համիդի կողմից 1894-96թթ. կազմակերպված հայերի զանգվածային կոտորածների ժամանակ բողոքի ձայն է բարձրացրել թուրքական իշխանությունների դեմ, կազմակերպել և անձամբ մասնակցել է հայ որբերի համար հանգանակությանը։ Ժան Ժորեսի ւ Ֆրեդերիկ դը Պրեսանսեի հետ եղել է Փարիզում հրատարակվող «Պրո Արմենիա» ամսագրի խմբագրության անդամ։ 1903-04 թթ. ակտիվորեն մասնակցել է եվրոպական տարբեր քաղաքներում կազմակերպվող հայերի և մակեդոնացիների եվրոպական տարբեր քաղաքներում պաշտպանության հանրահավաքների և կոնֆերանսների։
Ֆրանսը ցասումով բողոքել է հայերի ցեղասպանության դեմ։ 1916 թ. ապրիլի 9-ին Սորբոնում ելույթի ժամանակ հայտարարել է. «Երիտթուրքերը, տիրանալով իշխանությանը, իրենց դաժանությամբ գերազանցեցին Աբդուլ Համիդին... Մեզ սիորղ այդ ժողովրդին բնաջնջելու որոշումն ընդունվել է թուրքական կառավարության խորհրդակցություններում... Արյան այն փոքր քանակությունը, որը նա դեռևս պահպանում է, թանկագին արյուն է, որից հերոսական սերունդ է ծնունդ առնելու: Ժողովուրդ, որը մեռնել չի ուզում, երբեք չի մեռնի»։