Հայ երգի երեկո Լոնդոնում
Ապրիլի 13 և 14-ին Լոնդոնի հանրահայտ Շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնում ներկայացվեց «Համերգ մոմի լույսի տակ. Արմանիա՝ հայկական երգի, պարի և բանաստեղծության ճամփաներով» խորագիրը կրող համերգային ծրագիրը: Միջոցառումը նախաձեռնվել էր Լոնդոնի «Հայ հիմնարկ» մշակութային կազմակերպության և «Գլոբուս» թատրոնի համատեղ ջանքերով ու ՄԹ-ում Հայաստանի դեսպանության աջակցությամբ:
Հնչեցին հայկական ժողովրդական, հոգևոր և դասական երգեր և երաժշտություն (Նարեկացի, Սայաթ Նովա, Եկմալյան, Կոմիտաս): Հանդիսատեսի ուշադրությանը ներկայացվեցին նաև հատվածներ ժամանակակից հայ կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի ու Վաչե Շարաֆյանի ստեղծագործություններից:
Համերգին ելույթ ունեցան լոնդոնաբնակ հայտնի հայ երաժիշտներ՝ ջութակահար Լևոն Չիլինգիրյանը, թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը, սոպրանո Թերեզա Գևորգյանը, տավիղահար Սևան Հորոքս-Հոփայանը, ինչպես նաև դերասան Քոլին Հըրլին: Վերջինս անգլերեն թարգմանությամբ ասմունքեց Զապել Բոյաջյանի, Սայաթ Նովայի, Հովհաննես Թումանյանի, Վահան Թեքեյանի և Ռազմիկ Դավոյանի բանաստեղծություններից: Երեկոյին հատուկ հմայք տվեց Հայաստանից հրավիրված «Դուդուկներ» խմբի ելույթը: