Սերժ Սարգսյան. Իմ կարծիքով ՝ Գարեգին Նժդեհ ֆիլմը շատ հաջողված է
Երևանի Էրեբունի վարչական շրջանում նախընտրական հանդիպման ժամանակ ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը, ի պատասխան դերասան Սամսոն Ստեփանյանի հարցի, թե ինչ քայլեր են կատարվելու մշակույթի ոլորտում, ասաց, որ 2012թ–ին մշակույթի ոլորտին ավելի շատ գումարներ են տրամադրվել, քան արտաքին հարաբերությունների ոլորտին, ապա նշեց, որ ազգի կեսը երգում է, կեսն էլ սերիալներում է նկարահանվում։
«Այսինքն՝ կարևորում ենք և շարունակելու ենք կարևորել։ Մեր տարածաշրջանում այդքան պետական թատրոններ կա՞ն, իհարկե չկան։ Մեր ազգի կեսը երգում է, կեսն էլ սերիալներում նկարահանվում»,– ասաց նախագահը։
Սերժ Սարգսյանը խոսեց սերիալներից և նշեց, որ համամիտ չէ կարծիքի հետ, թե սերիալները որակյալ չեն։ «Ուզում եք հե՞տ գնալ, ավելի լավ է բրազիլական, մեքսիկական սերիալ նայե՞նք, թե ի՞նչ»,– հարցրեց նա։
Ըստ թեկնածուի՝ վատ չէ, որ տեղից վեր կացողը կինո է նկարում։ «Մարդիկ պետք է փորձ ձեռք բերեն։ Իմ կարծիքով՝ Գարեգին Նժդեհ ֆիլմը շատ հաջողված է, և դա արդյունք է, որ այդ դերասանները շատ սերիալներում խաղացել են և փորձ ձեռք բերել»,– ասաց նա։
Հարցն ուղղող դերասանը ընդհատեց նախագահին՝ ասելով, թե ինքն այդ կարծիքին չէ, ինչին ի պատասխան Սերժ Սարգսյանն ասաց։ «Հիմա տարբերվում են, դու մշակույթում ես աշխատում, ես ուրիշ տեղ»։