Դավիթ Մուրադյանը` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմին է ներկայացրել բուհի ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Մուրադյանին: Նախարարը նշել է, «ներկայացնել» արտահայտությունը գուցե տեղին չէ, քանի որ Դավիթ Մուրադյանը երկարամյա դասախոսական աշխատանքի փորձ ունեցող անձնավորություն է, մարդ, ով ԵԹԿՊԻ հետ կապված է իր կենսագրությամբ, բուհի կոլեկտիվին քաջ ծանոթ մարդ, մտավորական: «Ուզում եմ տեղեկացնել, որ նշանակման առթիվ ես խոսել եմ նաև բուհի խորհրդի նախագահ, ՀՀ մշակույթի նախարար տիկին Պողոսյանի հետ, ով ևս կիսում է մեր մոտեցումը' կադրային քաղաքականության առումով: Բոլորս էլ գիտենք, որ այսօր բուհի առջև ծառացած են բազմաթիվ խնդիրներ' սկսած բուհի ուսումնական գործընթացի կազմակերպումից մինչև ֆինանսական կայունության ապահովում, ոըը պետք է լուծենք միասին»,-նշել է նախարարը' շնորհակալություն հայտնելով ինստիտուտի կոլեկտիվին' այս ընթացքում համախմբվածություն ցուցաբերելու, ինչպես նաև բուհի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Հ. Մինասյանին' ռեկտորի մահից հետո բուհը կայուն վիճակում պահելու համար: «Շնորհակալ եմ, որ ձեր կոկեկտիվն ըմբռնումով է մոտեցել խնդրին, միաժամանակ ցանկանում եմ նաև հայտնել, որ շուտով կհայտարարվի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ: Այն բաց մրցույթ է, և ռեկտորի համար նախատեսված բոլոր չափանիշներին համապատասխանող բոլոր թեկնածուները կարող են մասնակցել»,-նշել է Ա. Աշոտյանը' հույս հայտնելով, որ մոտակա տարիների համար բուհը կունենա կայուն զարգացման լավ հիմքեր, և այդ հարցում նախարարությունը կաջակցի բուհին' բոլոր խնդիրերը միասին լուծելու համար: Նախարարը նաև հերքել է այն մտավախությունը, որ բուհը կարող է միանալ այլ ուսումնական հաստատության' վստահեցնելով, որ տեսանելի ապագայում նման խնդիր դրված չէ:
Ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Մուրադյանը շնորհակալություն է հայտնել' վստահության համար' նշելով. «Այստեղ հավաքված են մարդիկ, ովքեր իրենց ամբողջ կյանքով կապված են այս բուհի հետ, որովհետև նրանց մեծ մասը ուսանող տարիքից է այս օջախում, և սա իրենց համար պատահական աշխատավայր չէ: Մարդիկ, ովքեր սիրում են այս բուհը' մտահոգ նրա անհաջողություններով և ուրախ' հաջողություններով: Ոչ մի ռեկտոր չի կարող հաջողությամբ աշխատել, եթե չունի կոլեկտիվի և լիազոր մարմնի աջակցությունը»,-նշել է Դ. Մուրադյանը: Բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմը ևս նշել է, որ Դավիթ Մուրադյանն իրենց համար օտար մարդ չէ. բուհում բոլորը նրան շատ լավ են ճանաչում, և մասնագիտական շրջանակի կողմից վերջինիս նկատմամբ լավ վերաբերմունքն ու հարգանքն ակնհայտ է: