Թամանյանի նախագծին պետք է անշեղորեն հետևել` որքան էլ այն հնացած լինի
«Մեր օրենքները կատարյալ են, այնքան են, որ կարողանանք դրանց միջավայրում լավ ապրել, բայց գործադիր իշխանությունները, կարծեք, օրենքին հակառակ են շարժվում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Նրա խոսքով` ճարտարապետները մտադիր են դիմել մշակույթի նախարարություն՝ Զվարթնոց օդանավակայանի շենքը հատուկ պահպանվող տարածք ճանաչելու խնդրով:
Նրա խոսքով` կյանքը ցույց է տվել, որ երբ կարողանում են երկխոսել, միշտ էլ արդյունքն ավելի դրական է լինում, քան երբ փորձում են ջարդել, փշրել: Կան որոշ անհարմարություններ, բայց միշտ էլ աշխարհում փորձում են պահել այն շենքերը, որոնք քաղաքի համար կարևորություն են ունեցել, իսկ Զվարթնոցը մեր ճարտարապետական գործընթացի լավագույն էջերից է:
Բանախոսը նշեց, որ մի տեսակ տխուր է, երբ մարդ ջնջում է էջն իր պատմությունից և հետագայում, երբ արդեն կցանկանա ներկայանալ միջազգային ճարտարապետական հանրությանը, ապա կրկնակի վատ վիճակում է հայտնվում: Կա մի հատակագիծ, որին պետք է անշեղորեն հետևել, որքան էլ այն հնացած լինի, դա Թամանյանի նախագիծն է: