Տեղի ունեցավ Ագբար Մուրադյանի 70-ամյակին նվիրված համերգը
Իրական տաղանդները երբեք չեն մոռացվում, հատկապես երբ փայլուն մասնագիտական կարողությունները միահյուսվում են մարդկային վառ և մաքուր անհատականության հետ: Այդպիսի տաղանդ էր, անշուշտ, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր, կլառնետահար Աբգար Մուրադյանը, ում 70-ամյա հոբելյանին էր նվիրված ապրիլի 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայացած երեկոն:
Ցավոք, այժմ Աբգար Մուրադյանը մեր կողքին չէ, սակայն մեզ հետ է նրա անմահ ժառանգությունը՝ բազում ուսանողներն, ովքեր փայլուն կատարողական վարպետությամբ բարձր են պահում իրենց ուսուցչի անունը: Այդ ուսանողների թվում էր նաև համերգի ընթացքում որպես մենակատար հանդես եկող Դավիթ Գյուլամիրյանը:
«Ժպտերես, անսահման և անմնացորդ նվիրված ուսանողներից յուրաքանչյուրին, պատասխանատվությամբ և եռանդով լեցուն...»,- ահա այն ջերմ խոսքերը, որոնցով բնութագրեց մանկավարժ Աբգար Մուրադյանին Դավիթը:
Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի՝ Աբգար Մուրադյանի նկարագիրը նույնպես առավել քան խոսուն էր. «Յուրաքանչյուրն, ով Աբգար Մուրադյանի հետ գեթ մեկ անգամ առնչվելու երջանկություն է ունեցել, այսօր էլ խորը ակնածանքով է հիշում նրան՝ մարդու, ով այնքա՜ն խնամքով սերնդեսերունդ է փոխանցել տարիների կուտակած գիտելիքներն ու փորձը: Ինչքան սեր ու ջերմություն է տվել նա շրջապատին, քանի ու քանի անգամ ենք ղեկավարվել նրա թանկագին խորհուրդներով: Չեմ դադարի հիանալ, թե ինչ ներդաշնակությամբ էին մի անձի մեջ միաձուլվում մեծատառով մարդու և նույնքան մեծատառով երաժշտի հատկանիշները: Որքան էլ ժամանակ անցնի, մեր հիշողություններում վառ կպահենք Մուրադյանի մասին ջերմ հուշերը: Նրա 70-ամյակին նվիրված համերգը այն ամենափոքր միջոցն է, որով կարող ենք հարգանքի տուրք մատուցել այդ իրավամբ մեծ ու իսկական երաժշտին...»:
Համերգից առաջ Արամ Խաչատրյան համերգասրահի ճեմասրահը, որտեղ հնչում էր Աբգար Մուրադյանի կատարմամբ Մոցարտի Կլառնետի կոնցերտի ձայնագրությունը, լեփ-լեցուն էր հյուրերով:
Համերգի առաջին մասում գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժար Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ունկնդրին ներկայացրեց Գագիկ Հովունցի Լարգոն կլառնետի և նվագախմբի համար «Խորեոգրաֆիկ պիեսներ» սիմֆոնիկ սյուիտից՝ նվիրված Աբգար Մուրադյանին, և Լուի Շպորի Կլառնետի թիվ 4 կոնցերտի հայաստանյան պրեմիերան: Որպես մենակատար հանդես էր գալիս, ինչպես արդեն նշվել է, Դավիթ Գյուլամիրյանը: Երեկոյի առաջին մասի ավարտին անվեջ ծափողջույնների պահանջով մենակատարը կրկին բեմում էր. հնչեց Լուիջի Բասսի «Վենետիկյան դիմակահանդես»-ը:
Երկրորդ բաժնում նվագախումբը հանդիսատեսի դատին հանձնեց Մոդեստ Մուսորգսկու/Մորիս Ռավելի «Պատկերներ ցուցահանդեսից» ստեղծագործությունը: Հրաշալի կատարումից հետո «բիսն» արդեն անխուսափելի էր: Նվագախումբը ներկայացրեց Չայկովսկու «Կարապի լիճը» բալետի ֆինալը: