ՀՀ քաղաքացի Խոջայանը մտադիր է վերադառնալ հայրենիք. Շահին Սայիլով
Բանակցությունների գործընթացը Հայաստանի քաղաքացու հայրենադարձության գործով, ով անցել էր շփման գիծը Թովուզի շրջանում՝ շարունակվում է: Այս մասին հայտնում է Dey.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի Գերիների, անհայտ կորածների ու պատանդների հարցերով պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սայիլովին:
Սաիլովի խոսքով՝ այդ ուղղությամբ տեղի են ունենում եռակողմ բանակցություններ:
«Բանակցություններն ընթանում են նորմալ: Անհրաժեշտ է հստակեցնել որոշ հարցեր: Բանակցությունները նաև ընթանում են հենց երիտասարդի հետ: Այս հարցի շուրջ որոշումը կկայացվի մեկ ամսվա ընթացքում: Փորձում ենք հստակեցնել հարցը 30-40 օրվա ընթացքում, իսկ այնուհետև որոշում կընդունենք: Ներկայումս հստակ ժամանակ չենք կարող նշել»,- ասել է Սայիլովը:
Սաիլովը նաև նշել է, որ երիտասարդը չի ցանկանում մեկնել երրորդ երկիր. «Եթե նա ցանկանար մեկնել երրորդ երկիր, ապա կբարձրաձայներ»: