Մշակութային միջոցառում Ցյուրիխում
Մարտի 24-ին Ցյուրիխի «Թոնհալլե» համերգային սրահում «100 համերգ' 100-ամյակին» Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգաշարի շրջանակներում կայացավ «ՀԵՐԵՍ» հայ-շվեյցարական մշակութային ասոցիացիայի և Ցյուրիխ Կանտոնի ադմինիստրացիայի մշակութային բաժնի կողմից համատեղությամբ կազմակերպած «Երբ խաչվում են ժամանակներն ու մշակույթները» խորագրով համերգը, որն անցկացվում էր Շվեյցարիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո:
Համերգը ողջույնի խոսքով բացեցին Շվեյցարիայի պետական խորհրդական Հանս Ալթհերը և Շվեյցարիայում ՀՀ դեսպանության դեսպանորդ Սաթենիկ Աբգարյանը, ով փոխանցեց դեսպան Ազնավուրի ուղերձը, որում մասնավորապես նշվում էր հայ ժողովրդի դարավոր պատմության մեջ մշակույթի ունեցած դերը' ընդգծելով Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված համերգի' մշակույթի միջոցով վերածնվելու և հայկական ինքնությունը պահպանելու խորհուրդը:
Երեկոյի ընթացքում համատեղ ծրագրով հանդես եկան հայ և շվեյցարացի երաժիշտներ, որոնք կատարեցին Բեթհովենի, Բրամսի, Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Եկմալյանի և այլ կոմպոզիտորների հայտնի ստեղծագործությունները:
Համերգին ներկա էին հայ և շվեյցարացի բազմաթիվ ունկնդիրներ, այդ թվում' Ցյուրիխի տեղական իշխանության և Շվեյցարիայի գերմանախոս մասի հայկական համայնքի ներկայացուցիչները: