Վահան Հովհաննիսյանը Պարույր Հայրիկյանի վերքին և մտքին ապաքինում է ցանկանում
Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը մեկնաբանեց Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի՝ իրեն ուղղված այն խոսքերը, թե իբր ինքը ԿԳԲ-ի «ագենտ» է և այն մարդկանցից է, ովքեր ցանկանում են Հայրիկյանի մահը:
-Ես կարծում եմ, որ դա չափազանցված ինքնասիրահարվածության դրսևորում է, ես իհարկե չեմ ցանկանում նրա մահը, հակառակը՝ ցանկանում եմ նրան արագ ապաքինում, ընդ որում բոլոր իմաստներով. ոչ միայն այդ վերքի, այլ նաև մտավոր տեսակետից. նման բաներ ենթադրելը կարծում եմ, որ առողջ մտածելակերպի մասին չի վկայում,- նշեց Հովհաննիսյանը:
Պատգամավորի խոսքով՝ իր երեկվա ասուլիսի ընթացքում ինքը նշել է՝ Դուք ով եք, որ ձեր վրա կրակեն այն իմաստով, որ քաղաքական գործիչները պետք է գնահատեն իրենց ուժերը.
-Թե ինչի՞ է պրն. Հայրիկյանը վերագրում միայն իրեն, ես դա չեմ հասկանում, ես նրան դուք-ով չէի դիմի, ես երբ ասել եմ դուք, նկատի եմ ունեցել բոլոր թեկնածուներին, քաղաքական գործիչներին, մեր քաղաքական դաշտը չեմ կարծում, թե գաղտնի ուժերի համար այնպիսի հետաքրքություն առաջացնի, որ ցանկանան որևէ քաղաքական գործչի վերացնեն,- մեկնաբանեց Հովհաննիսյանը: