Մահթումկուլի Ֆրագիի 290-ամյակին նվիրված կոնֆերանսի ընթացքում ներկայացվեց հեղինակի բանաստեղծությունների հայերեն ժողովածուն
ԵՊՀ-ում անցկացվեց Մահթումկուլի Ֆրագիի 290-ամյակին նվիրված կոնֆերանս, որի ընթացքում ներկայացվեց նաև նրա բանաստեղծությունների հայերեն ժողովածուն:
2014 թ-ը հայտարարված է թուրքալեզու աշխարհի մեծագույն բանաստեղծ Մահթումկուլիի տարի, ինչի կապակցությամբ տարբեր երկրներում անցկացվելու են գիտաժողովներ ու այլ բնույթի միջոցառումներ:
ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի, Թուրքմենստանի՝ Մահթումկուլիի անունը կրող պետական համալսարանի, երևանյան «Արտագերս» հրատարակչության և ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպանատան համագործակցությամբ լույս տեսած բանաստեղծությունների ժողովածուի առաջաբանը գրել է Թուրքմենստանի նախագահ, ԵՊՀ պատվավոր դոկտոր Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:
«Մահթումկուլիի բանաստեղծությունները թարգմանվել են դեռևս 1950-60-ական թվականներին, բայց այդ թարգմանությունները հիմնականում կատարվել են ռուսերենից: Թարգմանելիս հասկացանք, որ շատ բառեր պարզապես թարգմանության կարիք չունեն, որովհետև հասկանալի են երկու ժողովուրդներին էլ: Ամեն հայ ընթերցողի էլ ծանոթ են «սուփրա», «գյոզալ», «ռեհան», «իգիթ» բառերը և այլն»,- գրքի մասին խոսելիս նշեց ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը:
Ժողովածուի մեջ զետեղված են թե՛ նախկինում տպագրված բանաստեղծություններ, թե՛ նոր թարգմանություններ, որոնք կատարել է ժամանակակից ճանաչված բանաստեղծ-թարգմանիչ Վարուժան Խաստուրը:
«Մահթումկուլին թուրքմեն ժողովրդի հպարտությունն է, նրա վշտերի, երազանքների, ինքնակայացման ու հաղթանակների երգիչը: Պետք է ասեմ, որ թարգմանելը և՛ հեշտ էր, և՛ դժվար: Դժվար էր, որովհետև համարժեք պետք է ներկայացվեր այդ ազգի հոգեբանությունը, հեշտ, որովհետև Մահթումկուլիի լեզուն համամարդկային է, և իմ հետևում կանգնած էր մեր աշուղական դպրոցը՝ Սայաթ-Նովայի գլխավորությամբ»,- խոստովանեց թարգմանիչը՝ հենց տեղում ներկայացնելով իր թարգմանություններից մի քանիսը:
Գրքում զետեղված են Թուրքմենստանի ԳԱ հին ձեռագրերի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Անակուրբան Աշիրովի՝ Մահթումկուլիի կյանքն ու ստեղծագործությունը համակողմանիորեն լուսաբանող ծավալուն հոդվածը, ԵՊՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Արամ Սիմոնյանի և Թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանի' «Մահթումկուլիի ստեղծագործությունների հայերեն երրորդ հրատարակության առթիվ» վերտառությամբ վերջաբանը, ինչպես նաև համապատասխան բառարան:
«Ապշեցուցիչ է, թե ինչքան զուգահեռներ կարելի է տանել Սայաթ-Նովայի պոեզիայի հետ: Ի վերջո, դարաշրջանը նույնն էր: Կարծում եմ՝ այս գիրքը շատ լավ նվեր է հայ ընթերցողներին»,- ասում է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Միջոցառման ընթացքում Մահթումկուլի Ֆրագիի մասին խոսեց թուրքմեն բանաստեղծ Մուրատ Օմուրը, ԵՊՀ ուսանողներն էլ և՛ հայերեն, և՛ թուրքմեներեն ներկայացրին թուրքմեն բանաստեղծի ստեղծագործությունները: Թուրքմեն բախշիներն էլ (աշուղները) կատարեցին նրա գործերի հիման վրա գրված երգերը:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն ամենի համար, ինչ արել եք հայ և թուրքմեն ժողովուրդների բարեկամությունն ամրապնդելու համար»,- նշեց միջոցառմանը ներկա ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպան Կուրբաննազար Նազարովը: