Ֆրեդդի Մերկուրիի մասին պատմող ֆիլմը մնացել է առանց ռեժիսորի
Կենսագրական գեղարվեստական ֆիլմը՝ QUEEN ռոք խմբի մենակատարի մասին, մնացել է առանց ռեժիսորի: Այս մասին հայտնում է Deadline կայքը:
2013 թվականի դեկտեմբերին հայտարարվել էր, որ ֆիլմի նկարահանումներով կզբաղվի Դեքստեր Ֆլետչերը, ում առաջին ռեժիսորական աշխատանքը եղել է 2011 թվակականին նկարահանված Վայրի Բիլլը ֆիլմը:
Այժմ հայտնի է դարձել, որ Ֆլետչերը այս ֆիլմի վրա չի աշխատի: Ինչպես հայտնում են պաշտոնական ներկայացուցիչները, դա պայմանվորվարված է ռեժիսորի և պրոդյուսերների միջև եղած ստեղծագործական անհամաձայնություններով:
Ավելի վաղ նախագծում իր մասնակցությունից համանման պատճառներով հեռացել էր գլխավոր դերակատար Սաշա Բարոն Քոենը:
Տառացիորեն վերջերս ֆիլմի ստեղծողները հայտնեցին, որ Ֆրեդդի Մերկուրիի դերում հանդես կգա բրիտանացի լավագույն երիտասարդ դերասաններից մեկը` Բեն Ուիշոուն, ով հայտնի է «Պարֆյումեր. մի մարդասպանի պատմությունը», «Ամպե ատլաս» և այլ ֆիլմերից:
Մինչ ֆիլմի հեղինակները փնտրում են նոր ռեժիսորի` Ուիշոուն իր նոր ֆիլմի պրեմիերային ներկայացել է արդեն աճած հանրածանոթ բեղերով: