Մի շարք կառույցներ դատապարտում են Թուրքիայում Twitter-ի արգելափակումը
Թուրքիայի տարածքում մարտի 20-ի լույս 21-ի գիշերը արգելափակվել է Twitter սոցիալական կայքը: Արգելափակումն իրականացրել է BTK–ն՝ Թուրքիայի պետական հեռահաղորդակցության կարգավորման մարմինը: Այդ ամենը տեղի է ունեցել Էրդողանի այն հայտարարությունից հետո, երբ նա ասել էր, որ իրենք արդեն դատարանից համապատասխան թույլտվությունն ունեն, որպեսզի արգելափակեն Twitter սոցիալական կայքը:
Էրդողանն ասել էր նաև, թե դա ազատության հետ կապ չունի, քանի որ ազատություն, դեռևս չի նշանակում այդ ցանցերի միջոցով պետական գաղտնիքներ տարածել: Երբ թուրք օգտատերերը փորձում են մտնել Twitter, նրանք ուղղորդվում են կարգավորող մարմնի կայք, որտեղ տեղադրված հաղորդագրությունում նշվում է, որ սոցկայքն արգելափակվել է՝ դատական որոշմամբ: Հատկանշական է, որ Twitter ընկերությունն այս առնչությամբ սեփական հետաքննությունն է սկսել:
Այս դեպքերին անդրադարձ են կատարել նաև ԱՄՆ-ն և Եվրոպական միությունը: ԱՄՆ պետքարտուղարությունը մտավախություն է հայտնել Թուրքիայում քաղաքացիական հասարակության ապագայի վերաբերյալ։ Պետքարտուղարության խոսնակ Ջեն Փսակին նշել է, որ սոցիալական մեդիայի արգելափակումը շատ մտահոգիչ են համարում։
Վաշինգտոնում քաղաքացիական հասարակության կազմակերպություններն սկսել են հաղորդագրություններ պատրաստել՝ դատապարտելու Թուրքիայում Twitter-ի արգելքը։ BBC-ի հաղորդմամբ՝ Եվրամիության՝ թվային ռազմավարության հարցերով պատասխանատու Նելլի Քրոեսն իր հաղորդագրության մեջ գրել է, որ Թուրքիայում Twitter-ի արգելքն անտեղի, անիմաստ և փոքրոգի քայլ է։ Թուրք ժողովուրդն ու միջազգային հանրությունը դա որպես գրաքննություն է ընկալելու: