Ցուցահանդես Աթենքում
Մարտի 14-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքի քաղաքապետարանի «Մելինա Մերքուրի» մշակութային կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ հայտնի լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի՝ «Հայկական ճարտարապետությանը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի հանդիսավոր բացումը: Ցուցադրության կազմակերպիչներն են Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը և Աթենքի քաղաքապետարանը: Բազմամարդ հանդիսությանը ներկա էին երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, Հունաստանի խորհրդարանի, արտաքին գործերի նախարարության, մշակութային ու հասարակական կազմակերպությունների, գիտության, մշակույթի և արվեստի, հունահայ համայնքի ու համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործարարներ, լրագրողներ: Ողջույնի խոսքով հանդես եկան Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը և Աթենքի քաղաքապետարանի մշակույթի, սպորտի և երիտասարդության միության նախագահ, փոխքաղաքապետ Ն. Պապախելան: Ելույթով ներկաներին դիմեց հեղինակը` Զավեն Սարգսյանը: Ցուցահանդեսը տևելու է մինչև մարտի 27-ը: