Նոր ֆիլմ Լեոնիդ Ենգիբարյանի մասին. Բացառիկ հարցազրույց ֆիլմի հեղինակի հետ (տեսանյութ)
ՄշակույթԱյսօր, ծաղրածու, մնջկատակ, կրկեսի հայ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է. (1935, մարտի 15 - 1972, հուլիսի 25), (1971)։
Ծննդյան օրվա առթիվ ձեզ ենք ներկայացնում Լեոնիդ Ենգիբարյանին նվիրված ֆիլմ, որի մասին Operativ.am –ի թղթակցին մանրամասներ է հաղորդում ֆիլմի հեղինակ և ռեժիսոր Արփինե Թովմասյանը:
Հեռուստատեսության և Ռադիոյի ակադեմիայի 4-րդ կուրսի ուսանողուհի Արփինե Թովմասյանը որպես դիպլոմային աշախատանք է նկարահանել այս ֆիլմը՝ «Լռեց և ասաց» վերնագրով: «Ի սկզբանե կրկեսի թեման էի ընտրել, սակայն ուսումնասիրության արդյունքում ինձ հարազատ գտա հենց Լեոնիդ Ենգիբարյանի կերպարը: Ծանոթացա նրա նովելներին և ֆիլմում ներկայացրի նրա սիրո պատմությունը»,- ասում է ֆիլմի հեղինակը:
«Դիպլոմային աշխատանքից բացի, այն արդեն պատրաստի ֆիլմ է և մեծ ցանկություն ունեմ, որ այն ներկայացվի փառատոնների ժամանակ»,- ավելացնում է Արփինեն:
Ֆիլմը նկարվել է 3-4 ամսում, այն 8 րոպե 42 վրկ. տևողություն ունի: Աշխատանքը հանձնվել է Հեռուստատեսության և Ռադիոյի ակադեմիայի ռեկտոր Համլետ Ղուշչյանի, դեկան Արուս Ավագյանի, դրամատուրգ, ռեժիսոր Ռուբեն Մարուխյանի և այլ մասնագետներ դատին: Պրոֆեսիոնալները գերազանց են գնահատել ֆիլմը:
«Լեոնիդ Ենգիբարյանի մասին ֆիլմ նկարահանելու գաղափարը արդեն իսկ գովելի է:
Կցանկանայի, որ հաճախ անդրադարձ լինի նման տաղանդավոր ու յուրահատուկ մարդկանց : Հեղինակը՝ Արփին, բավականին հետքարքիր ձեռագիր ունի. ֆիլմը հետքրքիր է, այն ստանդարտի մեջ չէ: Ռեժիսուրայի տեսանկյունից ինձ համար բացահայտում է»,- ասում է ռեժիսոր Արսեն Ասլանյանը:
Պարոն Ասլանյանը պատմում է նաև, որ երբ ինքն է դեռ դպրոցական տարիքում ներկա եղել Լեոնիդ Ենգիբարյանի ֆիլմերի նկարահանմանը, տեսել Ենգիբարյանի խաղն ու դերասանական վարպետությունը, չի պատկերացրել, թե ինչպիսի մեծության մասին է խոսքը, և հիմա ափսոսում է, որ նրա նման մարդկանց հայ ազգը վաղ է կորցրել:
Արփինեն ասում է, որ ֆիլմը մի փոքր բարդ է: Եթե մարդիկ ծանոթ չեն նրա նովելներին, գուցե չհասկանան՝ ինչ է տեղի ունենում:
Operativ.am-ի այն հարցին, թե ինչու է վերնագիրը «Լռեց և ասաց», Արփինեն պատասխանում է.
«Վերնգիրը հատուկ է այդպես ընտրված, քանի որ Ենգիբարյանը լուռ մարդ է եղել , նա իր ամեն քայլը լռության մեջ է արել»:
Ֆիլմի սցենարի հեղինակ է հանդիսացել Շուշան Կարապետյանը, ռեժիսոր՝ ինքը հեղինակը՝ Արփինե Թովմասյանը, օպերատորներն են՝ Նարեկ Մարտիրոսյան և Անդրանիկ Այվազյան, նկարիչ՝ Էդուարդ Հակոբյան, մոնտաժող՝ Էդուարդ Հովակիմյան, դերերում՝ Աիդա Շահբազյան, Հայկ Ստեփանյան, Բորիս Վարդանյան, պրադյուսեր՝ Եղիշե Հակոբյան, տեքստը կարդացել է Արմեն Մարգարյանը:
Նկարահանումների մի մասը կատարվել է ջրվեժի անտառում, մյուսները՝ Երկիր Մեդիայի տաղավարում, ՆԳՆ մշակույթի կենտրոնի դահլիճում, գնացքի տեսարաններն էլ՝ Սասունցի Դավիթ կայարանում:
Թեև խանգարող հանգամանքներ շատ են եղել, սակայն դա չի խանգարել ֆիլմի հեղինակ և ռեժիսոր Արփինե Թովմասյանին ավարտին հասցնելու սկսած գործը, որի համար շնորհակալություն է հայտնում ֆիլմի նկարահանմանը օգնող բոլոր մասնակիցներին:
Այժմ կներկայացնենք ֆիլմը՝ որպես դիպլոմային աշխատանք, իսկ ավելի ուշ ՝ նաև վերջնական՝ փոփոխությունների ենթարկված տարբերակը:
Կարինե Գևորգյան