Շարմազանովն իշխանության մեջ է հայտնվել ուղիղ ասմունքի խմբակից` բացառապես լավ ասմունքելու տաղանդի շնորհիվ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««Եթե ընդդիմությունը չի ուզում գալ իշխանության, ուրեմն ինքը կամ երգի-պարի խմբակ է, կամ էլ ֆակուլտատիվ պարապմունքների միավորում», հայտարարել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Ինչ-որ իմաստով Էդուարդ Շարմազանովն, իհարկե, իրավացի է։ Այլ հարց է, որ այս իշխանությունների օրոք երգի-պարի խմբակն իշխանության գալ չի կարող։ Ուրիշ բան՝ բռնցքամարտի կամ ստենդային հրաձգության խմբակը։ Այնպես որ՝ ցանկությունը կապ չունի։
Զարմանալին այն է, սակայն, որ պրն. Շարմզանովը դատողություններ է անում ընդդիմության մասին՝ չնայած կյանքում երբեք ընդդիմություն չի եղել և հաստատ չի էլ լինի։ Դա նույնն է, թե 5-րդ դասարանցի գերազանցիկ, կարմրաթշիկ, նստարանի տակ թաքուն բուլկի ուտող ու ամեն ինչ դասատուներին խաբար տվող աշակերտը դատողություններ անի, ասենք, դասից փախչելու և դրսում չարաճճիություններ անելու մասին։
Ի դեպ, երգի-պարի խմբակի մասին չգիտենք, բայց ինքը՝ Էդուարդ Շարմազանովը, ակնհայտորեն իշխանության մեջ է հայտնվել ուղիղ ասմունքի խմբակից։ Ու մինչևհիմա այնտեղ մնում է բացառապես լավ ասմունքելու շնորհիվ։ Դա, ի դեպ, վատ չէ։ Նրա ընկերներից շատերն իշխանության մեջ հայտնվել են բազեական ճամբարներից՝ երգի-պարի կամ «վզկապ» խաղալու շնորհիվ»:
Առավել մանրամասն' «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում: