Մեր ներկայացրած նախագիծը մի քանի քայլ առաջ է գործող օրենքից. Արփինե Հովհաննիսյան
Operativ.am-ի թղթակիցը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հետ՝ ԱԺ նիստի ընթացքում պատգամավորների կողմից բուռն քննարկման արժանացած՝ «Պետական և քրեական ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագծի մասին:
-Ես այս նախագծի ներկայացումը համարում եմ նախ իրավական տեսակետից շատ ճիշտ քայլ, երկրորդ՝ նաև համարում եմ քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների իրավունքների պաշտպանությանն ուղղված հիմնական օրենքներից, որը չափազանց անհրաժեշտ էր այս պահին,- նշեց պատգամավորը:
Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ պատգամավորների քննարկման թեման ոչ այնքան նախագծի դրույթներն էին, որքան առհասարակ վերոնշյալ օրենքի քննարկումն ու դրա հայեցակարգը:
-Այդ օրենքը մի մոդել է որդեգրել, ըստ որի՝ օրենքով տրվում են բնագավառներ, թե որն է պետական ծառայողական գաղտնիք, այնուհետև՝ Կառավարության որոշմամբ այն մանրամասնում են:
-Եթե որևէ լրատվամիջոց կամ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ հայցում է որևէ տեղեկություն, իրեն պատասխանում են, որ չեն կարող տրամադրել համապատասխան տեղեկությունը, քանի որ դա գաղտնի է, իսկ այն հրամանը, որն արգելում է այդ տեղեկության տրամադրումը՝ նույնպես գաղտնի է, սա է խնդիրը, մեր նախագիծն ուղղված է նրան, որ այդ գերատեսչական կողմերը բաց լինեն,- նշեց Հովհաննիսյանը:
Պատգամավորն այն համոզմանն էր, որ Խորհրդարանը դեմ չի քվեարկի նախագծին, որովհետև այն մի քանի քայլ առաջ է գործող օրենքից: