Կաղամբի օգտակար հատկությունները
Այս բանջարեղենում և՛ բջջանք կա, և՛ բուսական ճարպեր ու շաքար, կարոտին, կալցիումական աղեր, ֆոսֆոր, կալիում, մի խոսքով, մարդուն անհրաժեշտ վիտամինների համալիր: Բանջարեղենային սպիտակուցների պարունակությամբ կաղամբն ավելի հարուստ է, քան գազարն ու բազուկը: Իսկ կաղամբի սպիտակուցները ամինաթթուների (տրեոնին, լիզին, մեթիոնին) աղբյուր են, որոնք անհրաժեշտ են հյուսվածքների վերականգնմանն ու աճին, արյունաստեղծման,
երիկամների ու մակերիկամների աշխատանքի խթանման, վահանաձև գեղձի աշխատանքի բարելավման, ինչպես նաև օրգանիզմի համար վտանգավոր, օտարածին սպիտակուցների լուծմանն ու օրգանիզմից դուրսբերմանը: Կաղամբում գրեթե օսլա չկա, քիչ է սախարոզի պարունակությունը, դրա համար էլ այն խորհուրդ է տրվում դիաբետիկներին: Կաղամբը ցածր կալորիական է, ուստի այն ներառվում է գիրություն ունեցող հիվանդների սննդակարգում:
Կաղամբի բջջանքը բարելավում է աղիքների աշխատանքը, հետևաբար այն հատկապես օգտակար է փորկապության ու թութքի դեպքում: Բացի այդ, կաղամբի բջջանքն օգնում է օրգանիզմից խարամների ու վտանգավոր խոլեստերինի դուրսբերմանը, կանխարգելում է աթերոսկլերոզի զարգացումը:
Բջջանքը հսկայական դրական ազդեցություն է ունենում աղիքներում օգտակար միկրոֆլորայի զարգացման գործընթացում.կարևոր մի տարր, որը մասնակցում է մարսողությանը: Կաղամբի հյութ է առաջարկվում մի շարք հիվանդությունների դեպքում' գաստրիտից մինչև շաքարախտ, բրոնխիտից մինչև երիկամների աշխատանքի խանգարում:
Ասում են' եթե սովորություն դարձնեք օրական մի քիչ կաղամբի աղցան ուտել կամ նույնիսկ թթու կաղամբ, կարելի է ապրել երկար ու առողջ: Թթու կաղամբն օգտակար հատկություններով գերազանցում է թարմ կաղամբին, քանի որ թթվեցման ժամանակ դրանում կաթնաթթվային խմորում է կատարվում, որը վիտամիններ է պահածոյացնում:
Բացի այդ, սպիտակագլուխ կաղամբի ֆերմենտացիայի ժամանակ առաջանում է B12 վիտամին, որը բուսական սննդի մեջ հանդիպում է միայն ծովային ջրիմուռի մեջ ու հատուկ կաթնաթթու է առաջացնում: Կաթնային մանրէները հայտնվելով մարդու աղիներում, բարելավում են դրանց աշխատանքն ու պիտանի մանրէներ մատակարարում: