Պատմության այս օրը ծնվել է Մխիթար Սեբաստացին
Մխիթար Սեբաստացին՝ կաթոլիկ եկեղեցական գործիչ, հայագետ, Մխիթարյան միաբանության հիմնադիրը, ծնվել է 1676 թվականի այս օրը' փետրվարի 7-ին, Փոքր Ասիայի Սեբաստիա քաղաքում: Նրա հայրը' Մանուկի որդի Պետրոսը, վաճառական էր, իսկ մոր անունն էր Շահրիստան: Երեխան մկրտության ժամանակ ստացավ իր պապի անունը' Մանուկ, բայց մենք կանվանենք նրան Մխիթար անունով, որ տրվեց նրան հոգևոր կոչման հետ: Կարելի է ենթադրել, որ Պետրոսը հարուստ վաճառականներից չէր: Կարևորը, իհարկե, այդ չէր, այլ այն, թե ինչ կրթություն ստացավ երեխան: Այդ կողմից էլ Մխիթարը շատ բախտավոր չէր: Նրան տվին մի ողորմելի ուսում, որ հնարավոր էր այն խավար ժամանակներում թուրքական մի ետ ընկած քաղաքում: Ասում են, թե նա հինգ տարեկան էր, երբ սկսեց կարդալ-գրել սովորել տեղական քահանայի մոտ: Բայց այդ մի չափազանցություն է: Ինչ էլ լինի, քահանա-ուսուցիչ գիտության պաշարն այնքան աղքատիկ էր, որ Մխիթարը տասը տարեկան հասակում վերջացրեց ուսումը: Ավելի ճիշտ կլիներ քահանայից նրա ստացածն անվանել մի հասարակ գրագիտություն:
Սեբաստացու անունով այժմ Երևանում կա փողոց և դպրոց: