Կյանքից հեռացավ հայ բեմի ևս մեկ մեծ անուն
Այսօր՝ մարտի 5-ին, Գ. Սունդուկյանի անվան թատրոնում տեղի ունեցավ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Հեղինե Հովհաննիսյանի հրաժեշտի արարողությունը:
Հեղինե Սարգսի Հովհաննիսյան (Ելենա Տեր-Հովհաննիսյան , օգոստոսի 4, 1926, Երևան - մարտի 3, 2014, Երևան), հայ դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ:
Հայ մեծ դերասանուհի Հեղինե Հովհաննիսյանը եղել է ռեժիսոր Մարատ Մարինոսյանի կինը: 1948թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1968թ-ից դասավանդել է նույն ինստիտուտում, եղել է պրոֆեսոր: 1948թ-ից խաղացել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում: 1947թ. և 1956թ. պարգևատրվել է ՀԽՍՀ Պետական մեդալով: Լավագույն թատերական դերերից են՝ Գոներիլ՝ Շեքսպիրի «Լիր արքա», Գլաֆիրա՝ Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները», Վարյա՝ Չեխովի «Բալենու այգին», Լիզա՝ Տոլստոյի «Կենդանի դիակ», Չեբոկսարովա՝ Օստրովսկու «Կատաղի փողեր» և այլն: Նկարահանվել է կինոյում' «Տղամարդիկ», «Սայաթ-Նովա» և այլն: Մասնակցել ռադիո և հեռուստաբեմադրությունների: 1961թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր, 1984թ. ժողովրդական արտիստի կոչմանը: 2002թ. արժանացել է «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակի: Մահացել է Երևանում՝ մարտի 3-ին, կյանքի 89-րդ տարում: