Կասկածելի է, որ Թուրքիան Իրանից ներմուծվող գազի գինն իջեցնելու նպատակով դիմում է Միջազգային դատարան
Փաստորեն Անկարայի «ախորժակն» ավելի մեծ է, քան կարելի էր կարծել: Թուրքիան չի բավարարվում նույնիսկ իրանական էներգակիրների համար տրանզիտային երկրի՝ իր հնարավոր ապագա կարգավիճակով: Համենայն դեպս, այդպես են շատերը կարծում Իրանում:
ԻԻՀ մեջլիսի էներգետիկայի հանձնաժողովի փոխնախագահ Ալի Մորրավին իրանական ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում նշել է, որ «հարկավոր է պարզել, թե արդյո՞ք Թուրքիան իրանական գազը վերավաճառելու նպատակներ չի հետապնդում: Եթե այդպես է, ապա դրա նախապայմանները պետք է ամրագրվեն Իրանի և Թուրքիայի միջև ստորագրվելիք պայմանագրում»:
Ա. Մորրավիի կարծիքով կասկած է հարուցում հատկապես այն հանգամանքը, որ Թուրքիան Իրանից ներմուծվող գազի գինն իջեցնելու նպատակով դիմում է Միջազգային դատարան, բայց միևնույն ժամանակ, հանդես է գալիս Իրանին ուղղված առաջարկությամբ մեծացնել ներմուծվող գազի ծավալներն այնքան, որ երկու անգամ գերազանցում է Թուրքիայի ներքին պահանջարկը:
Հասկանալի է, որ Թեհրանի մտավախությունն առաջին հերթին այն է, որ իր էներգետիկ քաղաքականությունը Եվրոպայի հետ ապագայում չպայմանավորվի Թուրքիայի ինքնակամ գործողություններով, և Թուրքիան եվրոպական երկրներին չվերավաճառի իրանական գազն այն սակագնով, որը չի տեղավորվում իրանական կողմի համար ընդունելի տրամաբանության մեջ:
Ռուդիկ Յարալյան. ֆեյսբուք